Սուր շնչառական վարակների առումով իրավիճակը հանգիստ է, գրիպի սեզոնի երկրորդ պիկը սպասվում է փետրվարին
Հայաստանում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների մասով համաճարակային իրավիճակը սեզոնին համապատասխան է։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Հանրապետությունում իրականացվող մշտադիտարկման տվյալներով դիտվում է սուր շնչառական վարակների և գրիպի բնականոն, օրինաչափ ընթացք»,- նշեց բաժնի պետը:
Ըստ Լիանա Թորոսյանի՝ հանրապետությունում շրջանառվում է գրիպի Բ տեսակը: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում, նախորդ շաբաթ գրանցվել է գրիպի հաստատված երկու դեպք, այս շաբաթ՝ մեկ դեպք:
Ընդհանուր առմամբ, շաբաթվա կտրվածքով հանրապետությունում արձանագրվում է 2500 սուր շնչառական վարակի դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3500-4000 դեպքի դիմաց: «Այսինքն՝ այս տվյալները վկայում են, որ արձանագրված դեպքերը բավականին ցածր են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է այլ շնչառական վարակներին, ապա, ըստ Լիանա Թորոսյանի, լաբորատոր հետազոտությունների արդյունքներում նաև արձանագրվել են այլ շնչառական վարակների հարուցիչներ ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և այլն: «Սակայն այս պահի դրությամբ, վերակենդանացման բաժանմունքներում, հետգրիպային բարդություններով հիվանդներ չեն բուժվում: Ստացիոնար հաստատություններում, մասնավորապես, կան 0-3 տարեկան երեխաներ, սակայն նրանց մոտ բարդություններ չկան»,- ասաց նա:
Լիանա Թորոսյանը հայտնեց, որ սեզոնային գրիպի և ՍՇ վարակների սեզոնը սովորաբար սկսվում է հոկտեմբերին, իսկ երկրորդ փուլը՝ հաջորդ տարվա սկզբին և շարունակվում մինչև ապրիլի վերջ:
«Շնչառական վարակների հիվանդացության առաջին պիկն արդեն հաղթահարված է, հիմա դեպքերի նվազում է նկատվում: Երկրորդ պիկն, ըստ մեր վերլուծությունների, ունենալու ենք փետրվարին, որն ավելի շատ բնորոշվում է ծանրությամբ: Այս պահի դրությամբ կանխատեսումներն այսպիսին են, իսկ թե մեկ շաբաթ հետո ինչ իրավիճակ կլինի՝ հարուցիչը կփոխվի, գործ կունենանք գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակի հետ, թե ոչ, դա արդեն հիվանդացության զարգացման միտումները ցույց կտան»,- ասաց Լիանա Թորոսյանը:
Մասնագետը ևս մեկ անգամ հորդորում է բնակչությանը՝ գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, իսկ հիվանդներն էլ պետք է մնան տանը, անպայման դիմեն բժշկի, մասնավորապես՝ տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին և գրիպի ցանկացած դրսևորման դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել: Նա նաև խորհուրդ է տալիս այս ժամանակահատվածում հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները: