Թուրքիան կրկնում է Ադրբեջանի արատավոր վարքը. Ռուբեն Մելքոնյան
Արցախ այցելած թուրք 4 մտավորականների նկատմամբ սկսված հետապնդումները ցույց են տալիս, որ Թուրքիան անկարող է հանդուրժել անկախ մտավորականությանը և սատարում է նմանօրինակ վարք դրսևորող Ադրբեջանին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Ադրբեջանի մոլագար ձգտումը՝ Արցախ այցելած մտավորականներին, քաղաքական գործիչներին և լրագրողներին ներառել սև ցուցակում, բնական է՝ պետք է աջակցություն ստանար ավագ եղբոր՝ Թուրքիայի կողմից։ Թուրքիայի այս քայլը երկու հիմք կարող է ունենալ։ Մեկը՝ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, մյուսը՝ հալածել անկախ մտավորականներին։
Այս պարագայում Էրդողանն իր բռնապետական հակումներն ի ցույց է դնում թուրք 4 մտավորականների նկատմամբ, որոնք իրենց ազատ խոսքով, գիտական աշխատանքներով լուրջ խնդիր են ներկայացնում թուրքական պետության համար։ Նրանք անցանկալի են թուրքական պետության համար»,- նշեց թուրքագետը՝ հավելելով, որ ազատ խոսքը սահմանափակելու գործում Թուրքիան և Ադրբեջանը կրկնում են միմյանց արատավոր վարքը։
Ռուբեն Մելքոնյանի խոսքով, իսկապես անկեղծ, քննադատ մտածելակերպով մտավորականներին Թուրքիայում կարելի է մատների վրա հաշվել, զգալի թիվ են կազմում «պալատական» մտավորականները։
«Հետապնդումների ենթարկվող 4 մտավորականներից մեկը՝ Սաիթ Չեթինօղլուն, Հայոց ցեղասպանության և հայկական գույքի թալանի թեմայով գրված բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է։ Նա այս թեմանորեով ամենալուրջ ուսումնասիրություններ կատարող գիտնականներից մեկն է և Թուրքիայում մեծ ճանաչում ունի։
Կարծում եմ՝ վաղ թե ուշ Թուրքիայում նման մտավորականների համար գծված սցենար է իրականանացվելու՝կամ նրանց ազատազրկելու են, կամ հալածանքների են ենթարկելու կամ նրանց դեմ մահափորձեր են իրականացվելու»։ Այդպես է եղել նախկինում, այդպես է նաև հիմա։ Ասվածի վկայություններից է Հրանտ Դինքի ճակատագիրը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան