«Մշակութային կանգառն» ամփոփում է տարին
Այսօր առավոտյան մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում դադարեցվել է երթևեկությունը, և երգի-պարի ժողովրդական, ազգագրական 21 խմբեր պար են բռնել հրապարակի «քարե գորգին»՝ սկսելով Քոչարիից։ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուրջպարին միացել է նախարար Արմեն Ամիրյանը, նախարարության աշխատակիցներ, անգամ՝ զբոսաշրջիկներ։
Պետական 5 և ոչ պետական 16 խմբերի պարն ուղղորդել է նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը ( Մրո), որը մի պահ պարին չափ տվեց դհոլի իր իսկ հարվածներով։ Կեսժամանոց ֆլեշմոբից հետո պրոֆեսիոնալ պարողները նստել են ավտոբուսներ և ամենատարբեր ուղղություններով շարժվել դեպի Երևանից դուրս։
«Միայն այսօր և վաղը 40 համերգ է նախատեսված. Հանրապետության մարզերում լինելու է մշակութային հրավառություն»,- ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Հայաստան, իմ սեր» երկօրյա ծրագրով եզրափակվում է «Մշակութային կանգառ-2017»-ը։
Տարվա ընթացքում՝ կազմակերպվել է ավելի քան 426 մարզային հյուրախաղեր և 200 կինոցուցադրություն, ինչը հնարավոր է դարձել Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ ձեռք բերված շարժական կինոթատրոնների շնորհիվ։
Հարակից հրապարակումներ`
- «Մշակութային կանգառը» բացեց 70-ականներից չբացված Չինարիի մշակույթի տան դռները. Տիգրան Վիրաբյան
- «Մշակութային կանգառ». մեկնարկում է Կոմիտասի անվան քառյակի մարտ ամսվա հյուրախաղերը
- «Մշակութային կանգառ»՝ Հայաստանում և Արցախում