Յուրաքանչյուրիս ձեռքբերումը պիտի արագ և հասու լինի մեր արցախցի գործընկերներին. գլխավոր դատախազ
Հայաստանի և Արցախի հանրապետությունների դատախազություններն այսօր Ստեփանակերտում կոլեգիայի համատեղ նիստ են անցկացրել, որի օրակարգում եղել են շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով նախաքննության նկատմամբ հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակին առնչվող հարցերը:
«Մենք պետք է միևնույն օրգանիզմի նման ամեն օր համատեղ աշխատենք, յուրաքանչյուրիս ձեռքբերումը պիտի արագ և հասու լինի մեր արցախցի գործընկերներին»,- Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ նիստի բացմանը ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նկատի ունենալով և՛ Արցախում, և՛ Հայաստանում անտառային ֆոնդերի առկայությունը՝ հիմնական ուշադրություն է դարձվել ապօրինի անտառահատումների կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, հարուցված քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննության անցկացման, պետությանը հասցված վնասի վերականգնման, այս հանցագործություններում ներգրավված անձանց ամբողջական շրջանակի բացահայտման և պատասխանատվության ենթարկելու խնդիրներին, վարվող պատժողական քաղաքականությանը:
ՀՀ դատախազության ներկայացուցիչները Արցախի իրենց գործընկերներին են ներկայացրել այս ուղղություններով ՀՀ դատախազության կուտակած փորձն ու վերջին նախաձեռնությունների արդյունավետությունը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է երկու հայկական պետությունների օրենքների համապատասխանեցման և հանցավորության դեմ պայքարում միասնական պրակտիկայի կիրառման անհրաժեշտությունը, փորձի փոխանակումն ու գերակա ուղղություններում իրականացված աշխատանքների վերաբերյալ փոխադարձ իրազեկումը: Նա հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ այսուհետև ՀՀ դատախազությունում անցկացվող կոլեգիաների նիստերին ու կարևոր թեմաներով քննարկումներին արցախցի գործընկերների մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև ընդունվող որոշումներն օպերատիվ կերպով Արցախի դատախազությանը հասու դարձնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին