ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Խորհրդարանական ընտրություններից հետո ներկայացված առաջարկությունները պետք է իրականացվեն
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության թիմը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն այցով եղել է Երևանում՝ ներկայացնելով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը:
ԵԱՀկ պաշտոնական էջի փոխանցմամբ, զեկույցում ներկայացված եզրակացություններն ու առաջարկություններն ուսումնասիրվել են Ազգային ժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների ժամանակ:
ԺՀՄԻԳ-ի խումբը ներկայացրել է հետագա համագործակցության համար հնարավոր ոլորտները և շահագրգիռ մարմինների համար առաջարկել հստակ քայլեր՝ առաջարկություններ ներկայացնելու համար:
Ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման նպատակով ԺՀՄԻԳ-ի թիմը ուշադրություն է հրավիրել ձայներիի գնման և պետական ռեսուրսների չարաշահման խնդիրների լուծման առաջարկությունների վրա:
Զեկույցը, ի թիվս այլ բաների, առաջարկում է ընդգրկուն ընտրական բարեփոխումներ իրականացնել օրենքի մնացած բացթողումներն ու երկիմաստ դրույթների խնդիրը լուծելու համար, որոնք վերաբերում են քարոզչությանը, քարոզչության ֆինանսավորմանը, բողոքարկման իրավունքին ու ժամկետներին:
ԺՀՄԻԳ-ը նշել է, որ հետագայում անհրաժեշտ են ջանքեր գործադրվեն՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի սահմանափակումների վերացման և քվեարկության հասանելիության բարձրացման համար, ինչպես նաև ընտրական գործընթացներում կանանց մասնակցության ընդլայնման ու ընտրական վարչարարության արդյունավետության բարձրացման համար:
Գրասենյակը կոչ է արել իշխանությանը ցուցաբերել քաղաքական կամք ընտրողների նկատմամբ կիրառվող բոլոր տեսակի ճնշումների, խոչընդոտների դեմ եւ հրապարակայնորեն հանդես գալ ձայների առք ու վաճառքի դեմ:
ԺՀՄԻԳ Ընտրությունների բաժնի ղեկավար Ալեքսանդր Շլուկը հայտարարել է, որ գրասենյակը պատրաստակամ է աջակցել ներկայացված առաջարկությունների իրականացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատության նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է համագործակցությանն ուղղված հարցեր
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույց. «Խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, հիմնարար ազատությունները՝ պահպանված»
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների գոհունակությունն ու մտահոգությունը
- Կարծում եմ՝ մենք ճիշտ ենք դիրքավորված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ողջունել է թեկնածուների սեռի քվոտայի ավելացումը