
Էրդողանը խոսել է տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նիստի ժամանակ խոսել է հարևան երկրների հետ առկա հարաբերությունների մասին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Էրդողանը նաև անդրադարձել է Հայաստանին։
«Հայաստանը մասնավորապես սփյուռքի ազդեցությամբ փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը և դուրս մնաց բեռնափոխադրման, էներգետիկ և առևտրային ճանապարհներից: Դա այդպես էլ շարունակվելու է»,- ասել է Էրդողանը։
Ընդգծել է, որ Թուրքիան համագործակցում է Կովկասի, այդ թվում և Վրաստանի, Միջին Ասիայի և Հարավային Ասիայի երկրների հետ։ Ըստ նրա՝ նշյալ օրինակները ցույց են տալիս, որ Թուրքիան ցանկանում է «աշխուժացնել» հարակից երկրների հետ հարաբերությունները։
Նա նաև նշել է, որ իրենք շարունակելու են պայքար մղել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ, որոնք երկրում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ։