Շատինցիները կրկին սպառնում են փակել Մարտունի տանող ճանապարհը. համայնքի բնակիչ
Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բնակիչները մտադիր են կրկին փակել դեպի Մարտունի տանող ճանապարհը, ինչպես դա արել էին շաբաթներ առաջ՝ պահանջելով անվավեր ճանաչել ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բնակիչ Տիգրան Եղոյանը:
«Համայնքի բնակիչները վերջնագիր են ներկայացրել խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին։ Վաղը չէ մյուս օրը ժողովուրդը նորից ուզում է ոտքի կանգնել, ճանապարհը փակել։ Դեռ այսօր են մարդիկ ցանկացել նման քայլի գնալ, սակայն համայնքապետը տեղում չի եղել, ասել են՝ Երևանում է։ Գյուղացիները դիմել են ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետին, նա էլ ասել է՝ թող գյուղապետը գա, նրա հետ այդ հարցերը որոշեք»,- պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս անգամ մարդկանց բողոքը ոչ թե Եղեգիս խոշորացված համայնքի համայնքապետ ընտրված Արթուր Ստեփանյանի դեմ է, այլ Շատինում վերջինիս ներկայացուցչի՝ գյուղապետ Մարատ Սմբատյանի։
Տիգրան Եղոյանի խոսքով, Շատին համայնքի բնակիչները զայրացած հայտարարում են, որ թույլ չեն տա 1400 ընտրողներից ընդամենը 13-ի քվեն ստացած անձը, կոնկրետ այս դեպքում՝ Մարատ Սմբատյանը, իրենց գյուղապետը լինի։ Այլապես խոստանում են ծայրահեղ քայլերի գնալ։
«Շատինցիները Մամիկոն Սմբատյանին գյուղապետ չեն ընդունում, ինչպես որ չեն ընդունում Արթուր Ստեփանյանին՝ որպես Եղեգիսի նոր համայնքապետ։ Ամեն դեպքում, այս անգամ գյողացիների բողոքն ավելի շատ Մարատ Սմբատյանի դեմ է, քան Արթուր Ստեփանյանի»,- ասաց Տիգրան Եղոյանը։
Հիշեցնենք, որ շատինցիները դեպի Մարտունի տանող ճանապարհը փակել էին նաև նոյեմբերի 6-ին։ Այն ժամանակ համայնքի բնիչները պահանջում էին անվավեր ճանաչել նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Նրանք համոզված էին, որ ՏԻմ ընտրություններում իրականում հաղթել է Շատինի նախկին համայնքապետ Տիգրան Խուդոյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները