Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը զբաղվում է մարզական քայլքով
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տեղեկանալով, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը զբաղվում է մարզական քայլքով, հրավիրել է նրան համատեղ մասնակցելու Երևանում կազմակերպվող կիսամարաթոնին: Այս մասին հայտնում են սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Նախարարն ու դեսպանը հանդիպել են այսօր, քննարկել սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում երկու երկրների համագործակցության առավել սերտացման, փոխգործակցության նոր հնարավորությունների կիրառման վերաբերյալ հարցեր:
«Մենք հաջողությամբ համագործակցում ենք ոչ միայն մարզական և երիտասարդությանը վերաբերող ոլորտներում: Վստահ եմ, որ հետայսու նույնպես այդ համագործակցությունը նպաստելու է երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը», - ասել է նախարարը:
Դեսպան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր պատրաստակամությունն է հայտնել Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու ուղղությամբ:
«Այդ գագաթաժողովը լավ դիվանագիտական հարթակ կարող է լինել Հայաստանի Հանրապետության համար: Տեղյակ եմ, որ ձեր երկիրը հաջողությամբ և ակտիվորեն մասնակցում է ֆրանկաֆոնյան բազմաթիվ միջոցառումների: Իսկ այս անգամ դա լինելու է տանտիրոջ կարգավիճակով»,- ասել է դեսպանը: