Ցեղասպանության ճանաչման գործընթացը Ախալքալաքի շրջանային ժողովը չպետք է նախաձեռնի. վրացագետ
Ախալքալաքի շրջանային ժողովն ամենևին այն մարմինը չէ, որ պետք է բարձրացնի Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Դա շատ ավելի պատասխանատու մարմինների գործն է։ Մունիցիպալ խորհուրդներն այլ՝ ավելի կենցաղային խնդիրներ են լուծում, ոչ թե քաղաքական հարցերով զբաղվում։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորներ Զաքար Զաքարյանի, Սամվել Պետրոսյանի, Գենադի Էլիզաբարյանի, Սիմոն Մանանյանի և Սարգիս Ուզունյանի հայտարարությանը՝ քննարկել Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու հարցերը։
«Հասկանալու համար, թե ինչ ընթացք կարող է ունենալ այս նախաձեռնությունը, պետք է իմանալ՝ ովքեր են դրա նախաձեռնողները։ Իսկ հիմնական նախաձեռնողը Ախալքալաքի շրջանից նախկինում խորհրդարանի պատգամավոր ընտրված Սամվել Պետրոսյանն է։ Նա այսօր արդեն Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր է հանդիսանում։ Տարիներ շարունակ, երբ նա Վրաստանի ազգայի ժողովի պատգամավոր է եղել, օրենսդիր մարմնում մշտապես բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Այսօր Սամվել Պետրոսյանն ընդդիմադիր պատգամավոր է, և փորձում է մի քանի այլ պատգամավորների հետ Ցեղասպանության հարցն առաջ տանել։ Սակայն առավել իրատեսական կլինի, եթե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հայազգի պատգամավորները բարձրացնեն վրացական խորհրդարանում, ոչ թե շրջանային ժողովում»,- ասաց մեր զրուցակիցը։
Վրացագետի համոզմամբ, սակայն, իշխող կուսակցության անդամ լինելը հայ պատգամավորներին կաշկանդում է նման նախաձեռնություն սկսել, քանի որ դա կարող է խնդիրներ առաջացնել վրացական և թուրքական կողմերի միջև։
«Հայոց ցեղասպանության ճանաչման բարձրաձայնումն իշխող կուսակցության շահերից չի բխում, քանի որ կարող է վտանգել վրաց-թուրքական հարաբերությունները»,- ամփոփեց Ջոնի Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան