Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման նոր հնարավորություն է ստեղծվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «DEAFSKILLS» միջազգային ասոցիացիայի միջև դեկտեմբերի 4-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց այս համագործակցությունը, որի արդյունքում իրականացվելու են տարբեր ձևաչափերով միջոցառումներ՝ ընդգրկելով առաջին հերթին գործատուներին և ոլորտում կրթություն-աշխատաշուկա կապն ապահովելու հետ կապված շահագրգիռ կազմակերպություններին:
«Այդպիսի մրցույթների շրջանակներում շատ դեպքերում լսողության հետ խնդիրներ ունեցող անձինք կարողանում են լրացնել այնպիսի աշխատատեղեր, որոնց համար պակաս պատրաստված չեն, քան այլ անձինք և պատրաստ են աշխատանքը լիարժեք իրականացնել: Սա լրացուցիչ հարթակ ու հնարավորություն է հաշմանդամություն ունեցող, տվյալ դեպքում՝ լսողության խնդիրներ ունեցող անձանց համար, որ ստեղծենք պայմաններ և նրանց ներգրավենք հասարակության լիարժեք կյանքին, առաջին հերթին, բնականաբար, զբաղվածության միջոցով»,- ասաց նա:
Ասատրյանի խոսքով՝ այս փոփոխությունների տրամաբանությունը պետք է փնտրել այնտեղ, որ որքան էլ լավ կազմակերպվեր գնումների գործընթացով այդ մրցույթները, որքան էլ տարիների ընթացքում ավելացնում էին տեսականին, թվաքանակը, կատարելագործում էին նկարագրությունները, հնարավորություն չունեին տարվա ընթացքում նման կարիք ունեցող բոլորին ապահովել անհրաժեշտ սարքերով:
Հավաստագրերի տրամադրումից հետո, ըստ նախարարի, շուկայում բավական մրցակցային միջավայր է ձևավորվել, 4-5 կազմակերպություն արդեն դիմել են, հավաստագրվել ու ծառայություններ են մատուցում, սա նշանակում է՝ քաղաքացին իր հավաստագրով կարող է այցելել ցանկացած ծառայություն մատուցող կազմակերպություն, ձեռք բերել իրեն, իր կարիքներին լիարժեք համապատասխանող պարագաներ:
Ասատրյանի խոսքով՝ այս տարվա համար նախատեսված է 1100 լսողական սարքերի հավաստագրերի և սարքերի ու շուրջ 600 սայլակների տրամադրում: Սայլակների տրամադրման համար 95 հազար դրամ է սահմանված, իսկ լսողական սարքերի համար՝ 30 000 դրամ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանի խոսքով՝ գործընթացն արդեն սկսվել է, պարագաները տրամադրվում են, ստացողներ կան, արձագանքներն էլ դրական են:
Հակոբյանը նշեց, որ ֆինանսական մանրամասն վերլուծության մասին դեռ վաղ է խոսել, հաջորդ տարի արդյունքները կամփոփվեն, ըստ այդմ էլ՝ համապատասխան շտկումներ կարելի է անել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ կատարվում են որոշ փոփոխություններ՝ բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և մի շարք այլ կետերով:
Փոփոխությունների արդյունքում անձի առողջության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային առողջապահության համակարգից, քանի որ էստ էության վերացվում է թղթային տեղեկատվության փոխանակությունը:
Հաջորդ նորամուծությունն այն է, որ ներդրվում է անձի առողջական վիճակի օգտաքարտի ինստիտուտը, որում առկա է համապարփակ տեղեկատվություն այդ անձի առողջական վիճակի վերաբերյալ, անձն այլևս ստիպված չի լինի փաստաթղթերի մեծ տրցակ հավաքել:
Սաիյանը նաև տեղեկացրեց, որ հաշմանդամության երրորդ կարգի վերացման մասին լուրերը տեղին չեն, նման փոփոխություններ նախատեսված չէ: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականին: