1996-ից 2016թթ. միջակայքում էական փոփոխության է ենթարկվել Հայաստանի բնակչության տարիքային կառուցվածքը
Ծնելիության մակարդակի նվազման և Հայաստանի համար բնորոշ, թե' կանանց և թե' տղամարդկանց շրջանում ծննդյան պահից կյանքի սպասվող միջին տևողության հարաբերականորեն բարձր ցուցանիշի համատեղ ներգործությամբ, ինչպես նաև տղամարդկանց էմիգրացիոն ակտիվության ընդգծված գերակշռման հանգամանքով պայմանավորված, 1996-ից 2016թթ. միջակայքում էական փոփոխության է ենթարկվել Հայաստանի բնակչության տարիքային կառուցվածքը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն՝ ՀՀ 2011թ. մարդահամարի տվյալներով մինչև 16 տարեկան երեխաների տեսակարար կշիռը կազմել է 20.2 տոկոս, 2001թ. մարդահամարի՝ 26.3 տոկոսի համեմատ:
Աշխատունակ տարիքի 16-62 բնակչության տեսակարար կշիռը 2011 թ-ին կազմել է 67.8%՝ 2001թ-ի 62.1%-ի համեմատ, իսկ աշխատունակ տարիքից բարձր (63-ից բարձր) բնակչության տեսակարար կշիռը, համապատասխանաբար, 12.0%, 2001թ-ի 11.6%-ի համեմատ:
Ըստ զեկույցի՝ 2017թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 65.7%-ը կազմել է աշխատունակ տարիքի բնակչությունը (16-62 տարեկան), 21.1%-ը` 0-15 տարեկան երեխաները, իսկ 13.2%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63 և բարձր տարիքի) բնակչությունը: Հանրապետության 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել 521 տարեց և 0-15 տարեկան անչափահաս անձ՝ նախորդ տարվա 509 մարդու համեմատ:
2016 թ-ի տ/տ հետազոտության արդյունքների համաձայն՝ մշտական բնակչության հաշվարկով, տնային տնտեսության անդամների միջին թվաքանակը կազմել է 3.7 մարդ` 3.6 քաղաքային բնակավայրերում և 4.0 գյուղական բնակավայրերում, իսկ առկա բնակչության հաշվարկով՝ համապատասխանաբար, 3.5, 3.4 և 3.6 մարդ:
Միաժամանակ 2016թ-ին երեք և պակաս անդամ ունեցող տնային տնտեսությունների տեսակարար կշիռը կազմել է 46.9%, 2012թ. 42.0% և 2006թ.-ի` 37.7%, համեմատ: Բազմանդամ՝ 6 և ավելի անդամ ունեցող տ/տ-ները գերակշռել են գյուղական բնակավայրերում` 22.5%, քաղաքայինի` 16.0%-ի համեմատ: Մինչև չորս անդամից բաղկացած տնային տնտեսությունները գերակշռել են Հայաստանի քաղաքային բնակավայրերում, որոնց մասնաբաժինը քաղաքային տ/տ-ներում կազմել է` 70.2%, գյուղականի`60.1 %-ի համեմատ:
Ինչ վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներ չունեցող տնային տնտեսություններին, 2016թ-ին նրանց մասնաբաժինը կազմել է 57.7%՝ 2006թ.-ի 50.3%-ի և 2010թ.՝ 53.4%-ի համեմատ: Նախորդ տարվա համեմատ, համապատասխանաբար՝ 0.3 և 0.9 տոկոսային կետով նվազել են 1 և 2 երեխա ունեցող տ/տ-ների մասնաբաժինները, իսկ 3 երեխա ունեցող տ/տ-ների մասնաբաժինն աճել է և կազմել է` 5.2%, նախորդ տարվա 4.4 տոկոսի համեմատ:
«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն՝ հանրապետությունում տնային տնտեսությունների գերակշիռ մասի գլխավորը հանդիսացել են տղամարդիկ` 65.7%, իսկ կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է` 34.3% (քաղաքային բնակավայրերում՝ 37.7%, իսկ գյուղական բնակավայրերում` 27.8%): 2016թ. կին գլխավոր ունեցող մեկ տնային տնտեսությանը միջին հաշվով բաժին է ընկել մինչև 16 տարեկան 0.31 երեխա, իսկ տղամարդ գլխավոր ունեցող տնային տնտեսությանը` 0.48:
Ինչ վերաբերում է ամուսնություններին, ապա 2016թ-ին արձանագրվել է ամուսնության 16 294 դեպք, 2015թ.՝ 17 603, 2006թ.՝ 16 887 և 1996թ.՝ 14 234 դեպքերի համեմատ: Նախորդ տարի ամուսնալուծության դեպքերը 0.6 տոկոսով նվազել են և կազմել է 3 648 դեպք, իսկ ամուսնալուծության ընդհանուր գործակիցը, կազմել է 1.2%:
Ըստ զեկույցի՝ գրանցված ամուսնության միջին տարիքը 2016թ.-ին տղամարդկանց համար կազմել է 30.8, իսկ կանանց համար` 27.2 տարեկանը, 2015թ.-ի` համապատասխանաբար` 30.7 և 27.1 տարեկանի համեմատ: Առաջին ամուսնության միջին տարիքը 2016թ.-ին տղամարդկանց համար կազմել է 29.6, իսկ կանանց համար` 26.4 տարեկանը, 2015թ.-ին` համապատասխանաբար` 29.4 և 26.2 տարեկանի համեմատ: