«Ի՞նչ է լինելու մանդարինի այդքան չարչրկված պատմությունը». Փաշինյանը՝ Միրումյանին
«ԵԱՏՄ շրջանակներում ունենք կարգավորումներ, որոնք այսօր փաստացի չեն գործում, դա վերաբերում է մասնավորապես, այդքան քննարկված, վարորդական իրավունքներով ՌԴ-ում աշխատելու խնդրին»,- այսօր խորհրդարանում «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Հիմնական զեկուցող, ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին դիմելով՝ պատգամավորը հարցրեց. «Հիմա դուք այդքան դրական բաներ հիշատակեցիք ձեր մեկնաբանությունում, ի՞նչ երշախիքներ կան, որ դրանք, մասնավորապես այլ երկրների տարածքում գործելու են և մեր գործարարները նույնպիսի խոչընդոտների չեն հանդիպելու, ինչպիսի խոչընդոտների հանդիպում են օրինակ մեր վարորդները»։
Միրումյանը պատասխանեց, թե երաշխիքներն իրավական հարթությունում խաղի այն կանոններն են, որոնք առավել հստակ սահմանվում են միության մաքսային օրենսգրքով. «Երաշխիքն այն փոխհարաբերություններն են, որոնք որ մաքսային մարմիններն իրավական հարությունում պետք է ունենան միմյանց հետ։ Եթե որևէ անդամակցող երկիր մաքսային մարմին տեսնում է, որ իր տնտեսվարող սուբյեկտը խնդիր ունի մի այլ երկրում, ապա բնականաբար պետք է շատ արագ արձագանքի և փոխադարձ փոխգործակցության շրջանակներում այդ խնդիրները հարթվեն, քանի որ միշտ էլ սուբյեկտիվ դրսևորումներ կարող են տեղի ունենալ»։
«Ելք»-ի պատգամավորը ՊԵԿ փոխնախագահից նաև հետաքրքրվեց, թե ինչ է լինելու մանդարինի այդքան չարչրկված պատմությունը. «Հիմա ասենք մարդը Թբիլիսիի մեծածախ շուկայից գնեց մանդարին, նա որտե՞ղ պետք է գնա ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերելու և դա մոտավորապես ի՞նչ գործընթաց է»։
Միրումյանը պատասխանեց, որ այդ հարցը կապված է ոչ թե այն նոր օրենսգրքի հետ, այլ գործող օրենսդրության դրույթ է, քանի որ ԵԱՏՄ հանձնաժողովը սահմանել է այն ապրանքների ցանկը և դրանց առավելագույն քանակությունը, որոնք կարող են ներմուծվել ֆիզիկական անձանց անձնական օգտագործման նպատակով և որոնց համար չի պահանջվում համապատասխան ֆիտոսանիտարական հավաստագիր։
«Կարծում եմ՝ մեր քաղաքացիները այդ հավաստագիրը կարող են ստանալ ոչ միայն Վրաստանում համապատասխան ծառայություններից, այլ մեր ՍԱՊԾ-ից նույնպես։ Եվ եթե քանակությունը գերազանցում է թույլատրելի 5 կգ-ն, այդ հավաստագրի առկայության պարագայում ներմուծել ՀՀ»,- պարզաբանեց Միրումյանը։
Փաշինյանի արձագանքը՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին