«Օրենքները ոչ թե քննարկվում ընդունվում են, այլ սղղացվում են». Փաշինյան
ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքներն առարկել են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»՝ ութ օրենսդրական նախաձեռնությունից բաղկացած օրենքի նախագծի փաթեթը, մեկ ժամ քննարկելու դեմ։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Ելք»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ԱԺ-ում նման օրենքի քննարկումը մի ժամում իրականացնելն անթույլատրելի է։
«Խմբակցությունների, այդ թվում՝ Հանրապետական, ներկայացուցիչների կողմից եղան առաջարկներ, որ քննարկումն ավելի երկար տևի, սակայն դրանք չընդունվեցին։ Ես առաջարկեցի՝ ավելի լավ կլինի օրինագծի քննարկման տևողությունը սահմանել երեք րոպե, այդ առաջարկը ևս չընդունվեց։ Հերթական անգամ մենք գործ ենք ունենալու այն երևույթի հետ, որ օրենքները ոչ թե քննարկվում ընդունվում են, այլ, կներեք արտահայտությանս, սղղացվում են»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրենք ընդհանուր առմամբ, կողմ են նախագծին։
«Այնպիսի տպավորություն է, որ Հանրապետական խմբակցությունը ոչ թե ուզում է օրենք քննարկի ու ընդունի, այլ Բրյուսելում կամ որևէ տեղ շեֆին զանգի, զեկուցի՝ բոս, գիտե՞ս՝ ինչ կա, այդ քո ասած օրենքն ընդունեցինք։ Այս օրենքը մենք ընդունում ենք մեր ժողովրդի, մեր պետության համար։ Անթույլատրելի եմ համարում նման մակարդակով, նման ձևով Ազգային ժողովում օրենքներ սղղացնելու պրակտիկան»,- եզրափակեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանը չընդունեց ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը
- Մտահոգությունները հիմնականում փարատվել են. Արփինե Հովհաննիսյանը՝ Ընտանեկան բռնության մասին նոր օրինագծի մասին
- Առանց ծնողի չեն կարող երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան. Դավիթ Հարությունյան
- Դավիթ Հարությունյան. Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծում հստակեցումներ են արվելու
- «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց է. Շարմազանով