Աղքատության կրճատման հիմնական նախապայմանը տնտեսական աճն է. Արտեմ Ասատրյան
Աղքատության կրճատման հիմնական նախապայմանը տնտեսական աճն է և եկամտաստեղծ գործունեությունը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ միաժամանակ հավելելով, որ գերատեսչությունը դեռևս չի հասցրել ուսումնասիրել Հայաստանում աղքատության մակարդակի վերաբերյալ ԱՎԾ հրապարակած նոր տվյալները:
Նա նաև հիշեցրեց, որ կառավարության ծրագրով ամրագրված հիմնական ցուցանիշներից մեկը վերաբերում է հենց աղքատության մակարդակի նվազեցմանը:
«Սոցիալական ոլորտում իրականացված ծրագրերը շատ կարևոր են, դրանք պետք է լինեն առավել հասցեական՝ ուղղված առաջին հերթին անապահով խավերին: Բոլոր կառավարությունների ծրագրերի հիմանական խնդիրը աղքատության կրճատումն է եղել: Այլ խնդիր է, թե որքանով է հնարավոր լինում իրականացնել նախանշված ծրագրերը»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով Հայաստանում սոցիալական բևեռացվածությանը՝ Արտեմ Ասատրյանը նկատեց՝ երևույթը միայն Հայաստանին չէ, որ բնորոշ է: Սոցիալական բևեռացվածվածության հարցում, ըստ պաշտոնյայի, լրացուցիչ բացասական ազդակ է հանդիսանում գործազրկությունը, հետևաբար փորձ է արվում երիտասարդներին աշխատանքով ապահովելու ծրագրեր իրագործել: