Չկան մենաշնորհներ, կան գերիշխող դիրք զբաղեցնող խոշոր ընկերություններ. Արտակ Շաբոյան
Պետական գնումների գործընթացում խնդիրներ շատ են լինում: Դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ պետական մարմինների կողմից երբեմն պետական գնումների գործընթացներ են խախտվում, և դրանք իրենց ազդեցությունն են թողնում նաև մրցակցային միջավայրի վրա. մուտքի խոչընդոտներ են ստեղծվում տնտեսվարողների համար:
«Իբրև օրինակ կարող եմ ասել՝ հաճախ է լինում, երբ պետական մարմինները, պատվիրատուները մրցութային հրավերներ՝ հայտեր ուղարկելու ժամանակ, հայտարարություններում կոնկրետ անվանումներ են նշում՝ տնտեսվարողների կամ ապրանքների, ստացվում է, որ նախապես ուղղորդում են տնտեսվարողներին: Պարզ է, հաղթող է ճանաչվելու այն ընկերությունը, որի անունը կամ վաճառած ապրանքը, արտադրանքը արդեն նշվում է մրցութային հայտերում, ինչը, բնականաբար, չի կարելի»,- ասաց նա:
Շաբոյանը չմասնավորեցրեց՝ ովքեր են խախտումներ անողները, միայն նշեց, որ ուսումնասիրությունները և խախտումները վերաբերում են շատ գերատեսչությունների: Իբրև տարածված երկրորդ խնդիր՝ նա նշեց դեպքերը, երբ տեխնիկական բնութագրերն այնպիսի մանրամասնությամբ ու կոնկրետությամբ են նկարագրում, որ կրկին ուղղորդում են տնտեսվարողին, և արդյունքում հաղթող է ճանաչվում այն ընկերությունը, որը հենց տվյալ ապրանքն է ներկայացնում մրցույթին:
Լրագրողների խնդրանքով Շաբոյանն անդրադարձավ նաև մենաշնորհների խնդրին: Հարցին՝ կիսու՞մ է տեսակետը, թե եթե մենաշնորհները հանեն տնտեսությունից, տնտեսությունը չի շահի, հակառակը՝ ցնցումներ կլինեն: «Ասեմ, որ մենք մենաշնորհներ չունենք, այն, որ մարդիկ ասում-խոսում են մենաշնորհներից, մենք իսկապես օրենքի լեզվով չունենք:
Ունենք խոշոր ընկերություններ, գերիշխող դիրք զբաղեցնող, նրանց գործունեությունը փոքր տնտեսության պայմաններում օբյեկտիվ հիմքեր է կրում: Հատկապես փոքր տնտեսության պայմաններում այն ընկերությունները, որոնք խոշոր են, բնականաբար օգտվում են իրենց մասշտաբի էֆեկտից, իրենց առավելություններից, կարողանում են ավելի էժան ձեռքբերումներ իրականացնել, ավելի մեծ քանակներով»,- ասաց նա:
ՏՄՊՊՀ նախագահն ընդգծեց՝ ցանկացած պարագայում նման ընկերությունների առկայությունն օբյեկտիվ է, չի կարող ասել՝ լա՞վ է, որ կան նրանք, թե՞ վատ: Շաբոյանը նշեց՝ որևէ երկիր չկա, որ խոշոր ընկերությունների դեմ պայքարի, բոլոր երկրները պայքարում են այդ ընկերությունների չարաշահումների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում