«Եթե դեմ եք փողով բանակից ազատվելուն, հիմա ինչո՞ւ եք բարձրացնում անհրաժեշտ վճարվելիք անհրաժեշտ գումարը». Մարուքյան
«Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը երկարաձգվում է վերջին անգամ և գործելու է մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը»,- ԱԺ-ում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ այս մասին հնշեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Նա հայտնեց, որ սա վերջին հնարավորությունն է, և բոլոր այն անձինք, ովքեր ժամանակին զինվորական ծառայությունից խուսափել են, և լրացել է նրանց 27 տարին, կարող են համապատասխան վճարումները կատարել և ազատվել քրեական հետապնդումից:
«Այն, որ օրենքն այսպես չի կարող շարունակել գործել, փաստ է։ Այն, որ ունենք հետախուզման մեջ գտնվող 11 հազար արական սեռի ներկայացուցիչներ, դա էլ է փաստ: Այն, որ պաշտպանության նախարարն այս ամբիոնից ասել է, որ այնքան էլ բարոյական չէ փողով բանակից ազատումը և այս համակարգը պետք է հանվի, բայց ինձ համար հասկանալի չէ, որ հիմա պաշտպանության նախարարությունն ասում է, թե փողը քիչ է, եկեք փողն ավելացնենք, դա ինձ համար անհասկանլի է։ Եթե դուք դեմ եք փողով բանակից ազատվելուն, հիմա ինչո՞ւ եք բարձրացնում անհրաժեշտ վճարվելիք անհրաժեշտ գումարը»,- իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ լավ օրից չէ, որ դրսում են, և այնպես չէ, որ այնտեղ շատ լավ են ապրում ու կարողանալու են այդ գումարները վճարել:
«Հիմա բարձրացվեց այդ գումարը, նրանք կվճարեն և քրեական հետապնդումը կդադարեցվի, պահեստազորում կհաշվառվե, բայց ես մի առաջարկ ունեմ՝ լավ կլինի քննարկեք. այս 11 հազար ՀՀ քաղաքացիների համար մենք պետական մոտեցում ունենանք, ասենք` պետությունը ձեզ ներում է, փող մեզ պետք չէ, եկեք ձեր երկիր, դադարեցնում ենք քրեական հետապնդումը, փակում ենք գործերը: Թող գան էդ 11 հազարը ՀՀ, այս օրենքը դադարեցնենք այլևս չերկարաձգենք: Մենք ավելի շատ այդ արական սեռի ներկայացուցիչների, մարդկային ռեսուրսի կարիք ունենք, քան փողի: Ես խնդրում եմ, պարոն փոխնախարար, քննարկման առարկա դարձնել այս առաջարկությունը»,- ասաց պատգամավորը՝ դիմելով պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին։
Հիշեցնենք, որ օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահե Էնֆիաջյանը և Աղվան Վարդանյանը։
Օրենքի նախագծով առաջարկվում է «2015թ. մայիսի 1-ը» բառերը փոխարինել «2017թ. դեկտեմբերի 1-ը» բառերով: Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամաբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և կամ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից իր տարկետման իրավունքը ձևակերպելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել նվազագույն ամսական աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով գումար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան