Մասիս Մայիլյան. Արցախի ճանաչման գործընթացը սկսված է
Օրերս իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթում, «Իսլամական Հանրապետության լրատվական գործակալություն» պաշտոնական տեղեկատվական գործակալության կայքէջում, ինչպես նաև իրանական մի շարք այլ լրատվամիջոցներում հրապարակվել է իրանցի քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինի հարցազրույցը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Արցախի ԱԳՆ-ն հրապարակել է հարցազրույցի հայերեն տարբերակը։
Հարց-Արցախը մեկն է մեր հարևաններից, որի հետ մենք մոտավորապես 135կմ. ընդհանուր սահման ունենք։ Միգուցե շատ իրանցիներ չգիտեն, որ նման հարևան ունենք, քանի որ այն քարտեզի վրա տեսանելի չէ։ Ընդհանուր առմամբ, կցանկանայի իմանալ, թե ինչպիսի՞նն է ձեր քաղաքականությունը Իրանի նկատմամբ։
Պատասխան-Ընդհանրապես, մենք դրական վերաբերմունք ունենք Իրանի հանդեպ: Մենք գնահատում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, որը հավասարակշռված է և հիմնականում չեզոք բնույթ է կրում: Հատկանշական է, որ Իրանը 1992 թվականի առաջին կեսին այս հակամարտության կարգավորման հարցում հանդես է եկել որպես միջնորդ, որը խոսում է այն մասին, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Այդ մասին է վկայում նաև այն, որ այսօր պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Հարկ է նշել, որ Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ընդհանուր սահմաններ բոլոր երեք հակամարտ կողմերի՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Արցախի Հանրապետության և Ադրբեջանի հետ:
Արցախը ընդհանուր սահմանակցում է երեք պետությունների. արևմուտքում` Հայաստանի Հանրապետության, արևելքում՝ Ադրբեջանի և հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հայաստանի Հանրապետության հետ սահմաները բաց են, ընդ որում, ՀՀ միջոցով է ապահովվում արտաքին աշխարհի հետ կապի միակ ճանապարհը։ Ադրբեջանի հետ սահմանն ավելի շուտ կարելի է անվանել ռազմաճակատ։ Չնայած մեր երկու ժողովուրդների կողմից միմյանց հանդեպ բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է:
Մենք շահագրգռված ենք գործող սահմաններ և բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների հետ, այդ թվում Իրանի հետ։ Համոզված եմ, որ նաև Իրանի շահերից է բխում Արցախի հետ պահպանել ընդհանուր սահմանը։ Կարծում եմ, որ դա համահունչ է նաև տարածաշրջանում հետաքրքրված այլ դերակատարների շահերին։
Հարց-Դուք մի երկրի արտգործնախարար եք, որը պաշտոնապես միջազգային ճանաչում չի ստացել։ Այս հասկացողության մեջ մի փոքր հակասություն կա։ Ձեր փորձառությունը` որպես նման երկրի արտգործնախարար, ինչպիսի՞ն է, և ձեր հարաբերությունները այլ երկրների հետ ի՞նչ հարթակի վրա են, ինչպե՞ս են ձևավորվում այդ հարաբերությունները։
Պատասխան-Որևէ հակասություն չեմ տեսնում: Մեր հանրապետությունը հռչակվել է 1991 թվականին, և բնական է, որ մենք պետք է ունենանք արտաքին հարաբերություններ, այդ թվում՝ միջազգային ճանաչման հասնելու համար: Մենք իրականացնում ենք ճանաչված պետություններին բնորոշ գործառույթներ, որոնցից է, նախ և առաջ, անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը։
Հարկ է նշել նաև, որ Արցախի Հանրապետությունը լիովին համապատասխանում է 1933 թվականի «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի կոնվենցիայով սահմանված պետությունների միջազգային իրավասուբյեկտության չափանիշներին, որոնցից մեկը այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունն է:
ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետութան դեռևս չճանաչված լինելու հանգամանքը չի կարող կասկածի տակ դնել այն իրողությունը, որ Արցախը հանդես է գալիս տարածաշրջանում որպես կարևոր ռազմաքաղաքական գործոն։
Հայտնի են բազմաթիվ պետություններ, որոնք միջազգային ճանաչում են ստացել իրենց ստեղծումից տասնամյակներ հետո։ Հարկ է հիշատակել նաև Շվեյցարիայի օրինակը, որը միջազգայնորեն ճանաչվել է մի քանի հարյուր տարի հետո։
Արցախի ճանաչման գործընթացը սկսված է։ Ներկայումս այն ընթանում է օտարերկրյա պետությունների առանձին վարչական միավորների՝ նահանգների, շրջանների և քաղաքների մակարդակներով։ Օրինակ, այս օրերին Արցախում է գտնվում մեր հանրապետությունը ճանաչած ԱՄՆ նահանգներից մեկի՝ Կալիֆորնիա նահանգի պատգամավորների պատվիրակությունը։
Հարց-Եթե մշտական խաղաղության պայմանագիր ստորագրվի Բաքվի հետ, հավանաբար, ըստ բանակցությունների՝ դուք այս քաղաքներից մի մեծ մաս ձեռքից կտաք, այսինքն այն տարածաշրջանները, որ Արցախից դուրս են։ Կարո՞ղ է նման խաղաղության պայմանագրի դեպքում Արցախի հետ այլևս հարևան չլինենք։
Պատասխան- Այսօրվա մեր պետական սահմանները պատմական Արցախից դուրս չեն գտվում։ Հարկ է նշել նաև, որ Արցախի Հանրապետության մի շարք տարածքներ, օրինակ, Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, որոնք կազմում են հանրապետության տարածքի մոտավորապես 15 տոկոսը, մինչ օրս օկուպացված են Ադրբեջանի կողմից:
Արցախի իրավազորության տակ գտնվող տարածքներն ամրագրված են համաժողովրդական հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը։ Այսինքն, և՛ մայրաքաղաք Ստեփանակերտում, և՛, ասենք, Արաքսի ձախ ափին գործում է նույն օրենսդրությունը, նույն իրավական դաշտը. որևէ տարբերություն չկա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին