Արծվաշենցիները պահանջում են փոխհատուցել իրենց կորցրած տների դիմաց
Արծվաշենցիները Կառավարությունից պահանջում են՝ գումար հատկացնել իրենց՝ տները վերանորոգելու համար: Դեկտեմբերի 5-ին այս պահանջով նրանք բողոքի ակցիայի էին դուրս եկել: Արծվաշենցի Արիս Խեչոյանը «Մենք արծվաշենցիներ ենք, որոշ մարդիկ անգամ մինչ օրս չգիտեն՝ Արծվաշենը որտեղ է, նկատի ունեմ՝ ժողովուրդը: Կառավարությունում էլ՝ գիտեն, բայց մեզ մոռացության են մատնել: 25 տարի է՝ մենք մոռացված ենք: Վերջին անգամ 2011 թ. ժողովրդին մեկ միլիոն դրամ հատկացրին՝ տների վերանորոգման համար, որը, չնայած, չբավարարեց, մենք էլ մեր աշխատանքի շնորհիվ, մեր քրտինքի շնորհիվ այդ գումարի վրա գումար ավելացրինք, տները վերանորոգեցինք, հիմա մենք պահանջում ենք փոխհատուցում»,- ասաց նա:
Խեչոյանը նշեց, որ իրենք բնակվում են մալականի հին տներում, երեք հարյուր տարվա, փլվող տներ են, որոնց հիմքն ու տանիքը լավը չի: Նա հայտնեց, որ մոտ 700 տան պահանջ կա, շուրջ 2700 հոգու համար:
Արծվաշենցի Մեխակ Երիցյանի խոսքով՝ Կառավարությունում ընդունում են, որ խնդիրը կա, բայց բյուջե չունեն, գումար չունեն, ասում են՝ կլինի՝ կտանք:
«Այսօր ամբողջ աշխարհը զարգանում է, Արծվաշենը հետ է գնում: Այսօր արծվաշենցին է 24 կմ տարածք՝ Ադրբեջանի սահմանին, պահում, բայց լքված է: Մնացել ենք շիվարած, երկու անասուն պահելով չի լինում, մի հեկտար հող մշակելով չի լինում, աջակցություն չկա, որ մարդիկ մի քիչ շնչեն»,- ասաց նա:
Նա նշեց, որ թեպետ գազ ու ջուր կա, բայց եթե հարմարություն չկա, դրանք՝ ոչինչ չարժեն: Երիցյանի խոսքով՝ իրենք ժամանակին զրկվել են լավ տներից, լավ կյանքից, հիմա, երբ հյուր է գալիս, անգամ ամաչում են իրենց տան պայմաններից: Երիցյանը ընդգծեց՝ անցյալի լավ պայմաններից հետո այսօր արծվաշենցին մնացել է «մի հատ կովի պոչը բռնած»:
Եթե հարցը լուծում չստանա, արծվաշենցիները համայնքով կքննարկեն իրենց հետագա անելիքները:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Արծվաշեն գյուղն արդեն 25 տարի՝ 1992 թ. օգոստոսի 8-ից Ադրբեջանի վերահսկողության տակ: Արծվաշենի աշխատակազմը, որը համայնքի կարգավիճակ չունի, գործում է Ճամբարակի կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում