Կարագի, ձվի, բենզինի շուկաներում թանկացումներն անհիմն չեն. Արտակ Շաբոյան
Շուկայում մի քանի ապրանքանիշների թանկացումները հիմնավորված են։ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ գնագոյացման հարցերն այնքանով են գտնվում ՏՄՊՊՀ լիազորությունների շրջանակներում, որքանով վերաբերում են այնպիսի շուկաներին, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ։
«Հնարավոր է՝ այդ ընկերություններն, օգտվելով իրենց մրցակցային առավելություններից, չարաշահումներ թույլ տան, ու այդքանով գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Այդ շուկաներում պարբերաբար գնագոյացման հաշվարկներ են կատարվում։ Խոսքն այս պահին կարագի, բենզինի և ձվի շուկայի մասին է։ Այս շուկաներում ունենք խոշոր ընկերություններ և իրականացնում ենք գնագոյացման հաշվարկներ»,- ասաց նա։
Կարագի շուկային անդրադառնալով՝ Շաբոյանը նշեց, որ նախորդ տարվա սեպտեմբերից սկսած՝ պարբերաբար կարագի գները բարձրանում էին և 2480 դրամից հասան մինչև 4500 դրամ, այսինքն՝ շուրջ 80 տոկոսով թանկացել են։ Սա, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, ամբողջությամբ պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով, համաշխարհային տենդենցներով։ Նա նշեց, որ այս երևույթը տեղի է ունենում ամբողջ աշխարհում. բոլոր երկրներում կարագի գինը կտրուկ բարձրացել է։
Շաբոյանի խոսքով՝ բենզինի շուկայում հիմնական գնային բարձրացումները տեղի են ունեցել օգոստոս ամսվանից սկսած. սեպտեմբերին բենզինը թանկացել է 20 դրամով, վերջերս՝ ևս 10 դրամով, այսինքն՝ տեղի է ունեցել բենզինի գների 7-8 տոկոսով բարձրացում։ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ սա հիմնականում պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։
Ձվի շուկայում վերջին ժամանակահատվածում՝ մեկ ամսվա ընթացքում, գները որոշակիորեն բարձրացել են։ Ըստ Շաբոյանի՝ խոսքը 5-6 դրամ բարձրացման մասին է, ոչ ավել, և այն, ինչ հրապարակվում է շատ դեպքերում, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում. խնդիրը պայմանավորված է սեզոնային պահանջարկի ավելացմամբ։
«Սովորաբար տարվա վերջին տեղի է ունենում ձվի սեզոնային պահանջարկի ավելացում, և այդ ժամանակահատվածում տեղական արտադրողները որոշակիորեն ավելացնում են արտադրության ծավալները կամ որոշակի ներմուծումներ են իրականացնում։ Պարզապես այս տարի տնտեսվարողների կողմից ներմուծումները որոշակիորեն ուշացել են։ Բայց մեր ունեցած տեղեկատվությամբ՝ այս պահին ներկրումներ են իրականացվում, այդ պատճառով անհանգստանալու կարիք չկա։ Խնդիրը շուտով կկարգավորվի»,- ասաց նա։
Շաբոյանը տեղեկացրեց՝ ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով՝ անբարեխիղճ մրցակցային երևույթներ առկա չեն։ Վերոնշյալ երեք շուկաները մշտապես գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին