Դեղերի գները նույնը կմնան
Դեղերի շուկայում գների բարձրացում չի սպասվում: Դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը նշեց, որ գների բարձրացմանը նպաստող գործոններ չկան: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ին միանալը ոչ թե, ակնկալածի պես, օգուտներ բերեց, այլ խոչընդոտներ առաջացրեց: Օրենսդրական դաշտի նոր կարգավորումներում, ըստ Զաքարյանի, կողմնապահություն կա։
Կլինիկական հետազոտությունները պահանջում են անել Ռուսաստանում, մինչդեռ դրանք թանկ միջոցառումներ են: Ոլորտում առկա հաջորդ խնդիրը հայկական դեղերի մրցունակությունն է:
Զաքարյանի խոսքով՝ հայկական արտադրության դեղերը բարձրագույն՝ եվրոպական GMP ստանդարտներին են համապատասխանում: Հետխորհրդային տարածքում միայն Հայաստանն ունի այդ ստանդարտները, և դրանք ինչ-որ չափով ազդում են դեղերի գնի վրա: Հայաստանի դեղ արտադրողներն ու ներմուծողների միությունը դիմել է Կառավարություն՝ դեղերի 20 տոկոս ԱԱՀ-ն վերանայելու խնդրով:
Որոշ քննարկումներ են եղել, որոնց ընթացքում հնչող հիմնական փաստարկն է եղել, թե՝ վստահություն չկա, որ այդ 20 տոկոսիզ ազատվելու դեպքում դեղ արտադրողներն ու ներմուծողները գները կիջեցնեն: Զաքարյանը նշեց՝ ի պատասխան մերժման՝ իրենք որոշել են հատուկ գործընթաց սկսել. փաստաթուղթ են պատրաստում, որ ստորագրելու են նրանք, ովքեր համաձայն են նվազեցնել գները՝ 20 տոկոս ԱԱՀ-ից ազատվելու դեպքում:
Հարցին՝ արդյո՞ք սպառողը, գիտակցելով հայկական արտադրանքի՝ բարձր ստանդարտների համապատասխանելը, նախապատվությունը հենց տեղական արտադրանքին չի տալիս, Զաքարյանը նշեց, որ սպառողներից ոչ բոլորն են տեղյակ այդ ստանդարտների մասին:
Նրա խոսքով՝ սպառողը դեղն ընտրում է կարիքի դեպքում և հիմնվում է հիմնականում արժեքի վրա: Միության գործադիր տնօրենը նշեց, որ ստեղծված պայմաններում շատերը Վրաստանից ոչ օրինական ձևով, անհայտ պայմաններով և պահպանման կանոններով դեղեր են ներմուծում, ապա դրանք ապօրինի իրացնում: ԵՏՄ տարածքում հայկական արտադրության դեղերն իրացվում են 50 տոկոսի չափով, որևէ այլ դրական տեղաշարժ հայ դեղարտադրողի համար չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա