Եվրոպայի խորհուրդը սկսեց Ադրբեջանի անդամակցության հնարավոր կասեցման իրավական գործընթացը
47-անդամ ունեցող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նախօրեին որոշում է կայացրել Ադրբեջանի նկատմամբ սկսել Կոնվենցիայի խախտման իրավական գործընթաց, քանի որ Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար հրաժարվել են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դեռևս 2014թ.-ի վճիռը՝ ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամմադովին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:
2010թ.-ին ընդունված այս ընթացակարգը ԵԽ-ն առաջին անգամ կիրառում է Ադրբեջանի նկատմամբ. ԵԽ նախարարների կոմիտեն ՄԻԵԴ-ին պաշտոնապես խնդրել է որոշել, թե արդյոք Ադրբեջանը չի իրականացրել իր պարտավորությունները, որն այս դեպքում կապված է դատարանի վճռի չկատարման հետ:
2014թ.-ին ՄԻԵԴ-ը «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով գտել էր, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամմադովի ձերբակալությունն ու կալանքը Եվրոպական կոնվենցիայի մի քանի կետերի խախտում է եղել։ ՄԻԵԴ-ը, մասնավորապես, նշել էր, որ Մամմադովի մեղադրանքն ու կալանքը նպատակ է ունեցել պատժել կամ լռեցնել նրան՝ կառավարությանը քննադատելու համար: Վճռով արձանագրվել էր Կոնվենցիայի 5, 6 և18-րդ հոդվածների խախտում։
Նշվում է, որ մինչև 2017թ.-ի նոյեմբերը ՄԻԵԴ-ը գրանցել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման ընդամենը 5 դեպք, որոնց դեպքում, բացի Իլգար Մամմադովից, բոլորն ազատ են արձակվել:
2014թ.-ից ի վեր ԵԽ նախարարների կոմիտեն, որը վերահսկում է ՄԻԵԴ վճիռների կատարումը, այս գործով ընդունել է բազմաթիվ որոշումներ ու կոչ արել անհապաղ ազատ արձակել Մամմադովին: Սակայն, վճռի հրապարակումից 3 տարի անց Մամմադովը շարունակում է մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ԵԽ նախարարների կոմիտեն միջանկյալ որոշում կայացրեց ու Ադրբեջանին պաշտոնապես տեղեկացրեց երկրի նկատմամբ աննախադեպ իրավական գործընթաց սկսելու մասին, որը կարող է հանգեցնել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության կասեցմանը: ԵԽ-ն Ադրբեջանին 1 ամիս՝ մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ էր տվել, որպեսզի այն ներկայացներ իր դիրքորոշումը:
Նշենք, որ ԵԽ անդամ երկրները պարտավոր են կատարել ՄԻԵԴ վճիռները: Դրանց չկատարումը Կոնվենցիայի կոպիտ խախտում է, ինչն էլ իր հերթին հանդիսանում է ԵԽ կանոնադրության խախտում, որը կարող է հիմք դառնալ ԵԽ-ին երկրի անդամակցության կասեցման համար։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ-ում ՀՀ դեսպան. ՀՀ մոնիտորինգի պատասխանատուները տպավորված են ՀՀ արձանագրած հաջողություններով
- Ադրբեջանին ԵԽ-ն պաշտոնապես տեղեկացնում է անդամակցության հնարավոր կասեցման մասին
- ԵԽ Նախարարների կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել Ադրբեջանի վերաբերյալ