«Ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով հանդես գալ». Թանդիլյանը՝ Բաբուխանյանին
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը դիմելով հիմնական զեկուղող արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին ասաց. «Օրենքով մեծ դերակատարում է տրվում նաև հասարակական կազմակերպություններին: Ինչպես ե՞ք պատկերացնում, որ մի ՀԿ մտնի ընտանիք ու պետական ֆունկցիաները վերցնել իր վրա: Ինչպես նաև, կա՞ որևէ մի գրանցված մեր օրենսդրության մեջ, թե ի՞նչ է քաղաքացիական հասարակություն տերմինը և ո՞վ է այնտեղ մտնում»։
Վիգեն Քոչարյանը պատասխանեց. «Քաղաքացիական հասարակություն եզրույթը կիրառվում է օրենքի այն բաժնում, որ վերաբերում է ընդհանուր դրույթներին, դա լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի, քանի որ, վստահ եմ, բոլորը հստակ գիտակցում են, թե ինչի մասին է խոսք գնում: Օրենքի ոչ մի դրույթ հնարավորություն չի ստեղծում որևէ ՀԿ-ի ներխուժել որևէ ընտանիք»
Բաբուխանյանն արձագանքեց, թե քաղհասարակություն ասելով յուրաքանչյուրն իր համար պատկերացնում է՝ ինչ է դա, որևէ սահմանում չկա. «Օրինակ՝ ուկրաինական «Ֆեմեն» կազմակերպությունը, որ աղջիկները դոշերը բացում են, իրենց ճղում են, չգիտեմ ինչ են անում, դա էլ է քաղհասարակություն ոմանց կարծիքով: Եթե դրանց էլ պիտի խառնենք մեր ընտանիքի գործերին, ես դա չեմ ընդունում»:
Քոչարյանը պատասխանեց, որ քաղաքացիական հասարակությունը ՀԿ-ներ են, դրանք բազմազան են, նաև կան այնպիսիք, որոնք սուր անհամաձայնությունն էին հայտնում նշված օրենսդրական կարգավորման հետ։
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին վրդովեցրեց Բաբուխանյանի խոսքերը։
«Պարոն Բաբուխանյան, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս այս դահլիճում կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով հանդես գալ, թերևս սա ձեր վերաբերմունքն է կանանց ու նրանց բռնության նկատմամբ: Խնդրում եմ ուշադիր լինել ձեր ընտրած արտահայտությունների նկատմամբ»,-դիմելով Բաբուխանյանին՝ ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան