Տիգրան Աբրահամյան. Թույլ տվեք չհամաձայնվել այն դիտարկմանը, թե բանակում «դեդավշինա» կա
Բանակաշինության, կատարված աշխատանքների, բացթողումների, բանակում առկա խնդիրների մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
Panorama.am-Մինչև Ապրիլյան պատերազմը եղավ նաև օգոստոսյան, որը կարծես թե ի վերջո գնահատվեց որպես ուղղակի դիվերսիա: Ինչո՞ւ այն անհրաժեշտ, նորմալ, նորմատիվ պայմանները, որ պիտի լինեին բանակում՝ առաջին օգնության փաթեթներ, ամրացված դիրքեր, ջրի ու էլէներգիայի մատակարարում դիրքեր, անվտանգ (երթևեկության առումով) ու արագ ճանապարհներ… այն ամենը, ինչ Ապրիլյանից հետո ՊԲ-ն ներկայացնում է որպես բանակի բարելավում ասեմ, թե զինում, չկար ու չեղավ գոնե օգոստոսյան հարձակումից հետո:
Տիգրան Աբրահամյան-Այն ամենը, որոնք դուք թվարկեցիք ոչ թե չկային, այլ սահմանագծի մի քանի հատվածներում, իրավիճակից ելնելով, որոշակի ժամանակահատվածում դժվար է եղել ապահովել: Մի օրինակ բերեմ. մենք ապրիլյան մարտական գործողությունների օրերին ունեցանք զոհեր զորամասի նյութաապահովման ստորաբաժանումներում: Մի քանի հատվածներում հակառակորդի հրետակոծության կամ ուղղակի հարձակման հետևանքով զինծառայողներ զոհվեցին, ովքեր սահմանի այս կամ այն ուղղությամբ ձեր նշած գործառույթներին էին իրականացնում: Այսինքն՝այստեղ խնդիրը ոչ թե այն էր, որ մենք չունեինք, այլ այն, որ մի քանի ուղղություններում, իրավիճակից բխող խնդիրներ էին եղել:
Երկրորդ, երբ պաշտպանական գերատեսչությունը խոսում է ամրաշինական կամ տեխնիկական վերազինման աշխատանքների մասին, դա դեռ չի նշանակում, որ մինչ այդ որևէ բան չէր իրականացվել: Օրինակ՝ առաջնագծում տեխնիկական զինման աշխատանքները սկսվել էին 2014 թվականի վերջից, 2015-ի սկզբից, այլ հարց է, որ դրանք առավել ինտենիսվ փուլ մտան հատկապես 2016 թվականի մարտական գործողություններից հետո:
Իհարկե, հակված չեմ պնդելու, որ մենք խնդիրներ չունեինք կամ դրանք ավելի վաղ չէինք կարող լուծել: Բայց այս պահին կարևոր է, որ մենք կարողացել ենք գույքագրել մեր բոլոր բացթողումները ու քայլ առ քայլ գնում ենք լուծումների:
Panorama.am-Ապրիլյան պատերազմից, շատերի խոսքով, հայկական կողմը դասեր է քաղել: Կհստակեցնենք, ի՞նչ դասեր են, մեկ ու կես տարի անց ինչ է արվել դրա արդյունքում՝ տեսանկարահանող սարքեր, ջրամատակարարում…
Տիգրան Աբրահամյան-Վերջին 1.5 տարում առաջնագծում իսկապես հսկայական աշխատանքներ է իրականացվել, կասեի՝ հեղափոխական քայլեր, ինչի արդյունքում հակառակորդի տեղաշարժերն առավել կանխատեսելի են դարձել:
Երբ մենք խոսում ենք տեսադիտարկման սարքերի մասին, պետք է նկատի ունենալ, որ բացի նրանից, որ դրանք էականորեն նպաստում են մարտական հերթապահության իրականացումը որակապես նոր մակարդակի բարձրացնելուն, այդ համակարգերը առաջին հերթին արդյունավետ հետախուզում, անհրաժեշտ վերլուծություն իրականացնելու միջոցներ են:
Սակայն սրանով չենք սահմանափակելու, անհրաժեշտ է անընդհատ արդիականացնել այդ համակարգերը, նոր ֆունկցիոնալ հնարավորություններ ստեղծել ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակվողական գործողությունները առավել արդյունավետ հիմքի վրա դնելու համար:
Ամրաշինական առումով ևս մեծ աշխատանքներ են իրականացվել ու դրանք շարունակվում են:
2016 թվականի ապրիլից հետո, առաջնային խնդիրը՝ Արցախի հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններով՝ պայմանավորված սահմանագծի այդ ուղղությամբ ստեղծված նոր իրողություններով, ինտենսիվ աշխատանքների իրականացումն էր:
Երկրորդ, ապրիլյան մարտական գործողություններին նախորդել էր թեժ «սահմանային պատերազմներ» ժամանակահատված, ինչի արդյունքում վերջին 2-3 տարիների ընթացքում առաջնագծի ինժեներական կառույցները վնասվել էին՝ հիմնանորոգելու, արդիականացնելու խնդիրներ էր առաջ եկել:
Երրորդ, ապրիլյան մարտական գործողությունները նաև ընդգծեցին այս կամ այն հատվածում մեր ունեցած բացթողումները և վերջին 1-2 տարիներին պաշտպանական գերատեսչությունը ահռելի աշխատանքներ տարավ դրանք շտկելու ուղղությամբ:
Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի բարելավմանն ուղղված մի քանի քայլ արդեն իրականացվել է, որի հիմնական պտուղները տեսանելի կլինեն հաջորդ՝ 2018 թվականին:
Առաջնագծում մշտական ջրի ապահովումից՝ մարտական դիրքերին տրվող սննդամթերթի փոփոխություններ, տեխնիկական նոր միջոցների համալրումից՝ սպառազինություն. մի խոսքով սպասվող փոփոխությունները քիչ չեն, անկասկած դրանք բոլոր առումներով դրական ազդեցություն են ունենալու մեծ թվով հարցերի կարգավորման վրա:
Panorama.am- Ինչո՞ւ էին անհրաժեշտ նման փոփոխությունները:
Տիգրան Աբրահամյան- Նախ՝ միանգամից պետք է արձանագրենք, որ բանակում և հատկապես առաջնագծում աշխատանքները մշտապես են իրականացվում, դա չընդհատվող գործընթաց է, ուղղակի պետք է ֆիքսել առաջնահերթությունները ու անընդհատ առաջ շարժվել:
Եթե մեկ նախադասությամբ ասեմ, այս փոփոխությունների գլխավոր նպատակը մեր մարտունակության աստիճանն անընդհատ բարձրացնելն է՝ հիմքեր ստեղծել ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակվողական գործողություններ իրականացնելու համար:
Այս առումով, այդ փոփոխություններն իրականացվում են բոլոր ուղղություններով, իսկ դրանց արդյունքները տեսանելի կլինի և կարճաժամկետ և միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:
Panorama.am - Երբեմն, բանակում ձախողումը, կամ անհեռատեսությունը քողարկելու համար զինվորի զոհ գնալը «արդարացնում» են, թե՝ պատերազմ է: Չե՞ք գտնում, որ հասարակությունը, որ իր որդիներին տալիս է բանակին իր ապահով կյանքի համար ու ներքուստ մեղավոր զգում զոհերի համար, չպիտի լսի նման արդարացում:
Տիգրան Աբրահամյան- Իհարկե, առաջնագծում առկա իրավիճակը, լարվածությունը, չավարտված պատերազմն ուղղակի և անուղղակի ազդեցություն ունի բանակում գրանցվող միջադեպերի վրա: Սա ուղղակի չենք կարող չֆիքսել, այլ բան է, որ ցանկացած միջադեպի պատճառահետևանքային կապերը պետք է մանրամասն ուսումնասիրել՝ նախ հասկանալու ու ճիշտ իրավական գնահատական տալու համար, ինչպես նաև՝ նմանատիպ դեպքերի կանխմանն ուղղված հետագա քայլերի համար:
Իսկ առհասարակ, այստեղ խնդիրը արդարացումը չէ, այստեղ կարևորը՝ առկա խնդիրների հետևից մինչև վերջ գնալն է՝ որքան էլ դրանք կարող են ցավոտ լինել:
Panorama.am - Բանակում տղաները թույր կարծիք ունեն, թե տղամարդ դառնալը նաև «կոտրվել-չկոտրվելու» փորձաքարով պիտի անցնի: Սա փողոցի մտածողություն է: Բայց պիտի նկատեմ նաև, որ նման «փորձաքար» կա նաև դպրոցներում, որտեղ ուսուցիչները կամ չեն նկատում, կամ նկատելու չեն տալիս այն: Չե՞ք գտնում, որ բանակն ու դպրոցը պիտի միասնական տղամարդու կերպար գտնեն ու դաստիարակեն ըստ դրա, ոչ թե թույլ տան, որ հինավուրց «դեդավշինան» ապրի:
Տիգրան Աբրահամյան -Այն, որ դպրոցը, ընտանիքները հսկայական աշխատանք ունեն այս ուղղությամբ՝ ակնհայտ է: Ու իսկապես մեզ համար կարևոր արժեհամակարգի ձևավորումն առանց զինվորի վրա ազդող համակարգերի միասնական աշխատանքի դժվար է պատկերացնել:
Ես հասկանում եմ 2-3 տասնամյակների ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված կարծրատիպերի ձևավորումը մեզ շատ դեպքերում բարդ աշխատանքի առաջ է կանգնեցնում, բայց թույլ տվեք չհամաձայնվել ձեր այն դիտարկմանը, թե բանակում «դեդավշինա» կա:
Հնարավոր է որևէ միջադեպում այդ երևույթի ինչ որ էլեմենտ կամ դրվագ տեսանելի լինեն, բայց այդ երևույթը որպես այդպիսին այլևս չկան: Եթե բանակում առկա փոխհարաբերությունները համեմատական վերլուծության մեջ վերցնենք վերջին 5-10-15 տարվա կտրվածքով, դրանք չափազանց մեծ փոփոխության են ենթարկվել:
Հատկապես մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում զինծառայողների փոխհարաբերությունները զինվոր-զինվոր կամ սպա-զինվոր հարթությունում ընդգծված առողջ են. այլ կերպ չէր էլ կարող լինել: Այն խնդիրը, որը զինվորն է լուծում խրամատում, գաղափարական լրիվ այլ դաշտ է ստեղծում, բացառիկ միջավայր, որը չի կարող չնպաստել առողջ միջավայրի ձևավորմանը:
Panorama.am- Վերջին շրջանում շատ խոսվեց զինապարտության օրենքում իրականացվող փոփոխությունների մասին: Ինչպես ե՞ք կարծում, ի վերջո, տարկետում պետք է՞ լինի, թե՞ ոչ:
Տիգրան Աբրահամյան-Գիտեք, ես տեղյակ չեմ, արդյոք կա՞ն ուսումնասիրություններ այն մասին, թե որ մասնագիտությունների դեպքում տարկետման բացակայությունը կարող է գիտական ներուժի առումով խնդիրներ ստեղծել: Ես այս ընթացքում բազմաթիվ կարծիքներ եմ լսել, բայց ես այսքան ժամանակ չեմ տեսել ծավալուն ուսումնասիրության արդյունքներ:
Իհարկե, չեմ բացառում, որ կարող են նման մասնագիտություններ լինել, բայց կարծում եմ՝ մեծ թվով մասնագիտությունների մասով դրանք որևէ խնդիր չեն ստեղծում, հակառակը, զինվորների հետ իմ շփումները ավելի շատ խոսում են այն մասին, որ զինվորական ծառայությունից հետո ուսանողները շատ ավելի մոտիվացված մոտեցում են դրսևորում կրթության և առհասարակ կյանքի նկատմամբ:
Panorama.am- Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաև նոր ծրագրեր է առաջ քաշել՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»: Արդյո՞ք այս ծրագրերի կյանքի կոչումը արդյունավետ կլինի:
Տիգրան Աբրահամյան- Որքան ես եմ տեղյակ, ներկայումս աշխատանքներ են տարվում այս ծրագրերի մեխանիզմների մշակման վրա և շատ կարևոր է, որ որպեսզի զինվորների հետ անհատական աշխատանք տարվի՝ կապ չունի, այդ ծրագրերը ներկայումս ծառայող զինվորների վրա ազդում ե՞ն, թե՞ ոչ: Կարևորն այն է, որպեսզի ծրագրի մասին զինծառայողների մոտեցումները օրենքում ու դրանց մեխանիզմներում հաշվի առնվեն:
Ի վերջո, այդ մարդիկ են ծառայության մեջ, այդ մարդիկ են իրենց մաշկի վրա զգում այս կամ այն փոփոխությունները ու ոչ մի օրենք աշխատող չի լինի, եթե դրանում զինվորի միտքը արտահայտված չլինի:
Ի դեպ, աշխատանքի բերում շատ եմ շփվում և զինվորների և սպաների հետ, մեծ թվով գաղափարներ կարելի է ստանալ, գեներացնել բանակում, չէ՞ որ պրակտիկ առումով նրանց փորձն ու գիտելիքները ահռելի են:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին