
«Հիշողության ձեղնահարկ»-ի պատմությունը. ցուցահանդես
Ավելի քան երեսնամյա պատմություն է ամփոփված լուսանկարիչ Գագիկ Գասպարյանի աշխատանքներում: Դեկտեմբերի 6-ին Երևանում բացվեց լուսանկարչի հեղինակային ցուցահանդեսը՝ «Հիշողության ձեղնահարկ» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացված են ժապավենային 50 աշխատանք:
Հեղինակն այս ցուցահանդեսը նվիրել է իր որդու՝ Մուշի հիշատակին: Արվեստաբան Եվգենյա Քալանթարյանի գնահատմամբ՝ ցուցահանդեսը հնարավորություն է՝ հաղորդակցվելու գեղեցիկ պահ-տպավորությունների հետ: Նրա խոսքով՝ դա ուղղակի ցուցահանդես չէ, ներկայացված յուրաքանչյուր աշխատանք ասես ապրած կյանքի մի դրվագ լինի, որոնք եթե դրվեն իրար կողք, կստացվի մի հսկայական ճանապարհ, տարիների ճանապարհ:
«Լինի դա բնանկար, դիմանկարներ, ամեն մեկը զգացված է, հետաքրքիր է դրված թե լույսը, թե ռակուրսը: Ամենակարևորն այն է՝ ինչ ես տեսնում: Այս բոլոր աշխատանքներում կա ընդգծված զգայականություն, որը հնարավոր չէ՝ անհաղորդ թողնի դիտողին»,- ասաց նա:
Քալանթարյանը նշեց, որ բոլոր աշխատանքները ստեղծում են հոգու հետ ներդաշնակության ֆոն, որը մեզանից յուրաքանչյուրը զգում է՝ նայելով այդ աշխատանքները: Արվեստաբանի խոսքով՝ 30-ից բարձր տարիքի յուրաքանչյուր անձ այս լուսանկարներում գտնում է իր ապրած, իր գտած ու վերագտած մանկությունը:
Panorama.am-ի հետ զրույցում Գասպարյանը նշեց, որ ցուցահանդեսն ավելի վաղ պիտի բացվեր, սակայն դեպքերն այլ կերպ ընթացան, ուստի հետաձգվեց:
«Ժապավենային լուսանկարչությունն ինձ ավելի հարազատ է: Ես թեպետ անհրաժեշտ տեխնիկան ունեմ, բայց արդեն ժապավենը չկա, թուղթ չկա: Հիմա ավելի հեշտ է, բայց … : Իմ մեծ արխիվից ընտրել եմ 50 նկար: Դժվար էր ընտրելը, կրճատելով իջա, նույնիսկ այնպիսի գործեր, ինչպես, օրինակ, Սինյոր Պապագատտոն կամ նման այլ նկարներ հանեցի ցուցակից»,- ասաց նա: Հեղինակը ցուցադրությանը պատրաստվելիս ընտրել է նկարներ՝ բոլոր ոճերի համամասնությունը պահելով, ամեն ոճից նվազագույն քանակ ընտրելով, որ շեշտը մի շարքի վրա չդրվի:
Գասպարյանի լուսանկարները սև-սպիտակ են: Նա նշեց, որ սև-սպիտակն իրեն ավելի հարազատ է, ավելի լեցուն է, խոսուն ու բնորոշիչ:
«Գույներով հեշտ է, գույն նկարելը շատ հեշտ է, իսկ սև-սպիտակի դեպքում պիտի կարողանաս ճիշտ լույս ընտրել: Գունավորն ինչպես էլ նկարես՝ լավ է լինում»,- ասաց նա: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված խորագրի ընտրությունը, հաճա՞խ է լինում «հիշողության ձեղնահարկում», լուսանկարիչը պատասխանեց. «Դե մեր ամբողջ կյանքը հիշողություն է»:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


