Շուկայում գերիշխող լինելը դեռ չի նշանակում մրցակցային պայմանները խախտած. վարչապետ
«Տնտեսության վիճակը գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի»,- այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ թե ինչպես է գնահատում տնտեսության վիճակն այժմ և ինչպիսի կանխատեսում ունի 2018-ի համար։
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, վարչապետն ասաց. «Տարվա վերջ կունենանք շատ ավելի մեծ աճ, քան կանխատեսել էինք։ Երկու անգամ տնտեսությունը կաճի, թե քանի անգամ՝ կախված է տարեկան աճից։ Տարվա վերջ մենք հաշվետվություն կներկայացնենք այդ առումով»։
Պատգամավորը վարչապետին դիմելով նշեց, որ պետք է ապամոնոպոլիզացնել տնտեսությունը։
«Մենք ունեք երկու ձևի մոնոպոլիա, մեկը՝ բնական, մյուսը՝ շուկաներ, որտեղ գերիշխող խաղացողներ կան։ Բոլոր շուկաներում, որտեղ գերիշխող խաղացողներ կան, եթե դիմեք հարկային, ձեզ կներկայացնեն թե ինչպես են այս մեկ տարվա մեջ խաղացողների քանակն ու ծավաները փոխվել։ Այդ ուղղությամբ աշխատանքները հստակ գնում են, բայց շուկայում գերիշխող խաղացողը ստարտային ավելի լավ պայմաններ ունի և մեկ տարվա մեջ իր պայմանական 70 տոկոս շուկայի մասնակցությունը չի դառնալու 20, բայց դուք դրա դինամիկան հստակ կտեսնեք»,- նշեց վարչապետը։
Պատգամավորն արձագանքեց, որ եթե ազատ մրցակցային հնարավորություններ լինեն, այդ գերիշխողը դիրքը շատ արագ կզիջեն։
«Դեպք գիտե՞ք, որ ինչ-որ մեկն ուզում է շուկա մտնել, նրան արգելում են, եթե գիտեք, դիմեք մեզ։ Որևիցե սահմանափակում չկա։ Մենք ձեր հետ պետք է հասկանանք, որ գերիշխող լինելու է, եթե երեք խաղացող լինում են շուկայում, այսպես թե այնպես մեկը ամենախոշորն է լինելու, ամբողջ խնդիրը նրանում է, թե այդ խոշորը ադմինիստրատիվ ռեսուրսով է դառնում, մրցակցային, թե այլ ռեսուրսով։ Հիմա մենք մրցակցային դաշտն ապահովել ենք, եթե վաղը, մյուս օրը էլի գերիշխող լինի, դա դեռ չի նշանակում, որ վատ է։ Շուկայի գերիշող լինելը դեռ չի նշանակում մրցակցային պայմանները խախտած»,- պարզաբանեց վարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին