Քոչարին գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում
Հարավային Կորեայի Ջեջու կղզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում Կոմիտեն քիչ առաջ Քոչարին Հայաստանի հայտով գրանցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։ Տեղեկանում ենք Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Ավելի վաղ այս տարի «Քոչարի. ավանդական խմբապար» ՀՀ հայտը ոչ նյութական մշակութային ժառանգության անկախ փորձագետների կողմից բոլոր չափորոշիչներով դրական էր գնահատվել։
Քոչարի պարը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բնութագրական դրսևորումներից է և տարածված է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ու հայկական սփյուռքում։ Այն ավանդական մշակույթի այն հազվադեպ դրսևորումներից է, որի սերնդե-սերունդ փոխանցման շղթան չի ընդհատվել, կենսունակ է և մեկտեղում է ազգային ինքնության, միասնականության ու համերաշխության բոլոր դրսևորումները՝ որպես կատարյալ ժողովրդական ստեղծագործություն։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով Հարավային Կորեա մեկնած ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հաձնաժողովի գլխավոր քարտուղար Վ. Կաժոյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակությային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ Ռ. Ծատուրյանը։
Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) տարրերը:
Բացի այդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի նստաշրջանում այս տարի հաստատվել են ՀՀ մշակույթի նախարարության նախապատրաստած հայտերը՝ «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի, հայտնի որպես` Կոմիտաս Վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը» (Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ), և «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» (Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ) խորագրով հայտերը և որոշում է ընդունվել դրանք ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2018-2019 թթ. օրացույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան