Մահացել է լեգենդար ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը
74 տարեկան հասակում մահացել է լեգենդար ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը, որին անվանում էին ֆրանսիացի Էլվիս Փրեսլի: Երգիչը մահացել է թոքի քաղցկեղից, գրում է ՌԻԱ Նովոստին:
Դեռ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ երգչի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Հոլիդեյը մահացել է իր տանը: «Ես գրում եմ այս բառերը՝ չհավատալով դրանց, բայց և այնպես դա ճիշտ է: Իմ տղամարդն այլևս չկա, նա այս գիշեր մեզ լքեց այնպես, ինչպես որ ապրեց իր կյանքը՝ արիությամբ ու արժանապատվությամբ»,- ասել է նրա կինը՝ Լետիսիա Հոլիդեյը:
Այսօր Ֆրանսիան սգում է ռոք լեգենդի մահը:
Ինչպես գրում է «Ֆիգարո» թերթը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի քնել, երբ նրան հայտնել են լեգենդի մահվան մասին:
«Մենք բոլորս ունենք ինչ-որ բան Ջոնի Հոլիդեյից, մենք չենք մոռանա ոչ նրա անունը, ոչ նրա ձայնը»,- իր Twitter- ում գրել է Մակրոնը՝ հավելելով, որ այսօր երաժիշտի բոլոր երկրպագուների աչքերը լցված են արցունքներով:
Ջոնի Հոլիդեյը (իսկական անունը ՝ Ժան Ֆիլիպ Լեո Սմեթ) ծնվել է 1943 թ․ հունիսի 15-ին Փարիզում, բելգիացու ու ֆրանսուհու ընտանիքում: Իր կարիերայի ընթացքում նա կատարել Է ավելի քան 400 շրջագայություն, որոնք 15 միլիոնից ավելի հանդիսականների են հավաքել: Մինչև 2005 թվականը վաճառվել էր նրա շուրջ 80 մլն սկավառակ, Հոլիդեյի 18 ալբոմներ դարձել են պլատինե: Նա նաև գրել է ֆիլմերի երաժշտություն:
Նշենք, որ Ջոնի Հոլիդեյը 1965-ին ամուսնացել է հայկական արմատներով ֆրանսիացի նշանավոր երգչուհի և դերասանուհի Սիլվի Վարդանի հետ, որի հետ ապրել է մինչև 1980 թ։ 1966 թ․ ծնվել է զույգի որդին՝ Դևիդը։