Մարդիկ պետք է պարտադիր ծանոթ կամ պատգամավոր մեջ գցեն, որ վիրահատվեն. Փաշինյան
Ազգային ժողովն այսօր աշխատանքները շարունակում է «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի քննարկմամբ: Նախագծի վերջնական տարբերակը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նախարարը նշեց, որ վերջանական տարբերակը ձևավորվել է պատգամավորների ու խմբակցությունների առաջարկությունների և կառավարության կողմից ներկայացված փոփոխությունների հիման վրա։
«Ստացել ենք շուրջ 111 առաջարկություն խմբակցությունների և պատգամավորների կողմից։ Ներկայացված է նաև ամփոփաթերթը, որտեղ կտեսնեք մեր եզրակացությունները։ Առաջարկություն ներկայացրել է մեկ պատգամավորական խմբակցություն, մնացած առաջարկությունները եղել են անհատ պատգամավորների կողմից»,- ասաց Արամյանը։
Նրա խոսքով՝ գերակշիռ մաս կազմող առաջարկությունները վերաբերել են երկրի սոցիալ-տնտեսական վիճակին։
«Առաջարկությունների մյուս բլոկը ոլորտներում գումարներ ավելացնելուն են վերաբերել՝ առանց նշելու, թե որ ծրագրերի ուղղությամբ դա պետք է կատարել։ Առաջարկությունների երրորդ խումբը տնտեսական քաղաքականության մասին էին»,- նշեց ֆինանսների նախարարը։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Վարդան Արամյանից հետաքրքրվեց առողջապահության ծախսերից և պետպատվերով վիրահատությունների խնդրից։
«Այսպիսի իրավիճակ կա՝ երբ մարդիկ, ուղագիրը ձեռքին, որ իրենց հասնում է պետպատվերով վիրահատություն, գնում ընկնում են հիվանդանոցների դռները, ոչ մեկ նրանց չի վիրահատում կամ առաջարկում են հերթագրվել վիրահատության համար։ Երբ հետաքրքրվում ենք հիվանդանոցներից, թե ինչն է պատճառը, մեզ ասում են հետևյալը, թե ասենք՝ հինգ միլիոն դրամ է պետությունը տրամադրում պետպատվերի համար, բայց սեպտեմբերին կամ օգոստոսին այդ հինգ միլիոն դրամի ծառայությունները վերջացրել են, մի բան էլ իրենց հաշվին են արել։ Հետևաբար, ստացվում է, որ մարդիկ պետք է ծանոթ կամ պատգամավոր մեջտեղ գցեն, որ այս հարցը լուծվի։ Ստացվում է խնդիրը չի լուծվում և փակուղի է մտնում»։
Նախարարը պատասխանեց, որ Փաշինյանը ճիշտ է նկատում, խնդիրը կա. «Առողջապահության նախարարը ներկայացրել է այն բարեփոխումների շրջանակը, որտեղ այս հարցերն են լուծվելու։ Ճիշտ եք նկատել, պետք է այնպես անենք, որ կարևորագույն սկզբունք լինի՝ ոչ թե մարդը գնա փողի հետևից, փորձի այդ փողը վերցնել կամ գնա ինչ-որ մի տեղ ու իրեն մերժեն, այլ փողը պետք է գնա շահառուի հետևից»։
Արամյանը պարզաբանեց՝ որպես խնդրի լուծման մեխանիզմ, կարող է լինել պարտադիր բժշկական ապահովագրությունը, որի ներդրումը Հայաստանում արդեն մեկնարկել է հոկտեմբերի 1-ից։
Նշենք, որ 2018 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է առողջապահության նախարարությանը տրամադրել 80.1 մլրդ դրամ։
Հարակից հրապարակումներ`
- 2018 թվականի պետբյուջեի նախագծով ծախսային մասն ավելանում է շուրջ 15 մլրդ դրամով
- Մարուքյանի 11 առաջարկները՝ 2018-ի պետական բյուջեի վերաբերյալ
- ԱԺ-ն առնվազն 4 օրով ընդմիջեց բյուջեի նախագծի քննարկումները
- Ոչ մի թիվ շինծու չէ. Վահրամ Բաղդասարյան
- 2018-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կարող է աճել շուրջ 300 դոլարով. Վարդան Արամյան
- Քվեարկելու եմ ճիշտ այնպես, ինչպես չէր ցանկանա քաղաքական մեծամասնությունը. Ուրիխանյան
- Բյուջեին դեմ քվեարկելու Նաիրա Զոհրաբյանի հինգ պատճառները
- Չի հայտարարվել, որ ցանկացած ստենտավորում պետության հաշվին է. Ալթունյան
- Առողջապահության համակարգից 5.8 մլրդ ծախս կրճատելը հիմնավորված չէ. Հակոբ Հակոբյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ