Դասական ընտանիքը հայրիկի և մայրիկի միության ընտանիքն է. Շարմազանով
ԱԺ-ում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղեկալ Վիգեն Քոչարյանը նշեց. «Օրինագիծը նպատակ է հետապնդում ապահովել ընտանիքի՝ որպես հասարակության բնական, հիմնական բջջի հատուկ պաշտպանությունը, ձևավորել կանխարգելման և բռնության ենթարկվածների պաշտպանության անհրաժեշտ իրավական կառուցակարգերը և նպաստել ընտանիքում համերաշխության վերականգնմանը, ինչպես նաև կանոնակարգել այս ոլորտում տարբեր պետական կառույցների համապատասխան գործունեությունը»։
Փոխնարարի խոսքով՝ օրենքը նախատեսում է համապատասխան դրսևորումների կանխարգելում և կոնկրետ մեխանիզմներ, որոնք հստակեցնում են ընտանեկան բռնության հասկացությունը:
«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ապահովման միջոցները երեքն են՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում և դատարանի կողմից պաշտպանական որոշում»,- նշեց Վիգեն Քոչարյանը։
Հիմնական զեկուցողին դիմոլեվ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց.
«Իմ դրական խոսքը պետք է ասեմ, որ կառավարության ներկայացուցիչները, դուք, նախարարությունը քաղաքական տարբերի ուժերի, հասարակական սեկտորի հետ աշխատել եք, և այն խնդրահարույց կետերը, որ կային, մշակվել են կամ փոփոխության են ենթարկվել»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ շատ է կարևորում է այն կետը, որ սկզբունքների մեջ հստակ նշված է ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումը. «Շատ դեմպքերում ասում են՝ ո՞րն է ավանդական ընտանիքը։ Դասական ընտանիքը հայրիկի և մայրիկի միության ընտանիքն է, որից ծնվում են առողջ երեխաներ, որոնք մեր հասարակության ապագան են»։
Շարմազանովը փոխնախարարից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ կառավարությունը քննարկի ապաստարանների հետ կապված վերահսկողությունը նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցուն տալու հնարավորությունը:
«Աջակցությունը կարող է ցուցաբերել ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդը, որը գործում է լիազոր ղեկավար մարմնին կից, որտեղ առաջին տեղում պետք է լինեն նաև եկեղեցու ներկայացուցիչները: Համապատասխան կարգավորումներ ու լուծումներ այս հարցի հետ կապված կգտնվեն»,- պատասխանեց Քոչարյանը։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ փոխնախարարին ասաց. «Այդքան որ ասում եք ավանդական ընտանիք, արժեքներ, մի հատ ցանկը տվեք, որից պարզ կլինի, թե այդքան արծարծվող ընտանեկան ավանդական արժեքներ ասելով ինչ նկատի ունեք: Հիմա էլ ԱԺ փոխնախագահը ձևակերպում տվեց և ստացվում է, որ ընտանիքը որտեղ տատիկն ու թոռնիկն է, կամ երկու քույր են՝ ընտանիք չե՞ն»։
Վիգեն Քոչարյանը չհամաձայնվեց Փաշինյանի գնահատականների հետ և նշեց որ խոսքը գնում է ընդհանուր կարգավորման գաղափարախոսության և ամրագրված սկզբունքային մոտեցման մասին:
Պատգամավորն արձագանքեց, թե խոսքը ոչ թե բուն օրենքի տեքստին էր վերաբերվում, այլ այս օրենքի քննարկման կոնտեքստում հնչած արժեքներին, ավանդույթներին. «Ուզում եմ ցանկ տաք, հասկանանք: Կոնտեքստից հասկանում եմ, որ ավանդական արժեքներ ասելով՝ այնպիսի աբսուրդ բաներ են նկատի ունենում, որ ես, օրինակ, պատրաստ չեմ ընդունել որպես ազգային ավանդական արժեք, շատ դեպքերում դա իմ կարծիքով աղբ է, որ պետք է նետել աղբանոցը»։
Հիմնական զեկուցողը հավելեց, որ անցկացված հանրային քննարկումը կարծիքների լայն շրջանակ բացահայտեց։
Հարակից հրապարակումներ`
- Մտահոգությունները հիմնականում փարատվել են. Արփինե Հովհաննիսյանը՝ Ընտանեկան բռնության մասին նոր օրինագծի մասին
- Առանց ծնողի չեն կարող երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան. Դավիթ Հարությունյան
- Դավիթ Հարությունյան. Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծում հստակեցումներ են արվելու
- «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց է. Շարմազանով
- Զ. Հովհաննիսյան. Որպեսզի դանակը ոսկորին չհասնի, անհրաժեշտ է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը