ՀՀ բնակֆոնդը սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխանեցնելու համար կպանաջվի 32-35 մլրդ դոլար
«Եթե նախկինում Հայաստանի տարածքը թերագնահատվել էր սեյսմիկ վտանգի տեսակետից, ապա Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվել են այդ մոտեցումները և հիմա ունենք բարձր վտանգի մակարդակ»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ- ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը:
Նրա խոսքով՝ 2010-ին ճապոնական «ՋԱՅԿԱ» ընկերության հետ համատեղ Երևանի սեյսմիկ ռիսկի գնահատում է կատարվել, արձանագրվել և վերհանվել են բոլոր շենք-շինությունների խնդիրները, դասակարգվել են շենքներն` ըստ սեյսմակայանության մակարդակի:
Ըստ նրա՝ արդի սեյսմիկ չափման համակարգի համաձայն երկրաշարժի ազդեցությունը գնահատելիս հաշվի է առնվում ոչ միայն մագնիտուդը, այլ նաև տեղանքի երկրագիտական գրունտի շարժման արագացումը:
Երևանում, ինչպես նշեց Զավեն Խլղաթյանը, սեյսմիկ ռիսկի գնահատման հիմնական բաղադրիչները մոտ 4700 բազմաբնակարան շենքերն էին, որոնք տարաբաժանել են տիպերի: Տիպերը կախված են կառուցապատման տարեթվից, կիրառված նյութերից, կոնստրուկտիվ առանձնահատկություններից, հարկայնությունից, շահագործման պայմաններից և գտնվելու վայրից:
«Մայրաքաղաքը ստվարաշերտի կամ գրունտների առումով կարելի է բաժանել 3 հիմնական խմբի՝ ուժեղ գրունտներ կամ ժայռային գրունտներ, որոնք գտնվում են Նորքի զանգվածի հատվածում, երկրորդ կարգի գրունտները՝ քաղաքի կենտրոնական մասում են, երրորդ կարգի գրունտները՝ Աէրացիայի տարածքից ներքև: Երրորդ կարգի գրունտների վրա կառուցված ճկուն տիպի շենքերը կարող են երկրաշարժի ժամանակ ենթարկվել ռեզոնանսի և ավելի մեծ վնասվածքներ ստանալ: Այս տարաբաժանումով, հավանաբար ենթադրվել է, որ նման տիպի գրունտներում կառուցված ճկուն շենքերի միայն 20 տոկոսը կարող են դիմակայել երկրաշարժին»,- ասաց նա:
Զավեն Խլղաթյանն ասաց, որ 1988 թ-ի երկրաշարժի ժամանակ Գյումրիում կառուցված 116 սերիայի շենքերն ամբողջովին կամ մասնակի փլուզվել են, Վանաձորում էլ այդ տիպի շենքերը ստացել են 2-րդ աստիճանի վթարայնություն: «Սա նշանակում է, որ նույնատիպ շենքերը՝ կապված տեղանքի գրունտային պայմաններից, կարող են ենթարկվել այս կամ այն սեյսմիկ վնասվածքների»,- ընդգծեց նա:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանն էլ հայտնեց, որ ներկայումս Հայաստանը գտնվում է միջազգային պայմաններին տիրապետող սեյսմակայուն շինարարության, նորմատիվա-տեխնիկական դաշտում:
«Սպիտակի երկրաշարժից հետո մենք դասեր քաղեցինք և 1995 թ-ից հետո այդ դաշտը կատարելագործվում է»,- ասաց նա:
Նա նաև ընդգծեց, որ ըստ հաշվարկների՝ Հայաստանի ներկայիս բնակֆոնդը սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխանեցնելու համար հարկավոր է 32-35 մլրդ դոլար: