Երևանում կհնչի Ջուզեպե Վերդիի հանճարեղ «Ռեքվիեմ»-ը՝ մենակատարների փայլուն կազմով
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Մշակույթի նախարարությունը ներկայացնում են Ջուզեպե Վերդիի հանճարեղ «Ռեքվիեմ»-ը՝ մենակատարների բացառիկ փայլուն կազմով:
Համերգը նվիրված է ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան և 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այն տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Նվագախմբից տեղեկացնում են, որ այս ստեղծագործության կատարման շուրջ են հավաքվել բացառապես փայլուն կատարողական վարպետություն ունեցող երաժիշտներ: Իտալական բելկանտոյի վարպետներ աշխարհահռչակ սոպրանո Էրիկա Գրիմալդին և լեգենդար բաս Ռոբերտո Սկանդիուցին, ինչպես նաև ռուսական վոկալ դպրոցի փայլուն ներկայացուցիչներ՝ մեձո սոպրանո Օլեսյա Պետրովան և տենոր Գեորգի Վասիլևը:
Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Էդուարդ Թոփչյան, որն էլ կղեկավարի դեկտեմբերի 9-ի համենգը:
Էրիկա Գրիմալդի սոպրանո (Իտալիա)
Եվրոպայի ամենապահանջված սոպրանոներից է: Միջազգային մրցույթների դափնեկիր է. Crescentino International Competition (Վերչելլի), International Giacomo Lauri - Volpi Competition (Իսպանիա), Comunità Europea Competition (1-ին մրցանակ, 2008): Գրիմալդին Թուրինի Teatro Regio օպերային թատրոնի առաջատար մեներգչուհի է և Հռոմի Teatro dell’ Opera, Մյունխենի Bayerische Staatsoper, Նեապոլի Teatro di San Carlo, և Մոնպելյեի Opéra National-ի հրավիրյալ մեներգչուհի: Մասնակցել է Նյու Յորքի Mostly Mozart Festival, Շվեյցարիայի Avenches Festival և այլ հեղինակավոր փառատոների:
Ռոբերտո Սկանդիուցի, բաս (Իտալիա)
Միջազգային լայն ճանաչում ունեցող օպերային երգիչ և համերգային կատարող: Ելույթներ է ունեցել աշխարհի ամենհայտնի օպերային թատրոններում և համերգասրահներում՝ անվանի դիրիժորների ղեկավարությամբ (Ռիկարդո Մուտի, Սըր Ջորջ Շոլթի, Կլաուդիո Աբբադո, Սեյջի Օզավա, Վալերի Գերգիև, Ջեյմս Լեվայն, Ֆաբիո Լուիզի, Լորին Մաազել, Զուբին Մետա, Սըր Անտոնիո Պապանո, Ջորձ Պրետրե, Դանիել Գատտի, Ջուզեպե Սինոպոլի, Մարչելլո Վիոտտի և այլք): Ձայնագրություններ է կատարել DECCA, Philips, Nightingale Records, EMI, DGG, Erato, Nuovo Era և այլ ֆիրմաներում:
Օլեսյա Պետրովա, մեձո սոպրանո(Ռուսաստան)
Ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր է. "Надежда России” (Գրան Պրի), Գ.Վիշնևսկայայի անվ. մրցույթ (2-րդ մրցանակ), Չայկովսկու անվ. 13-րդ մրցույթ (2-րդ մրցանակ), Փարիզի օպերային երգիչների միջազգային մրցույթ (1-ին մրցանակ): Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան օպերային թատրոնի մեներգչուհի է, Լատվիայի Ազգային օպերայի (Ռիգա) և Մետրոպոլիտեն օպերայի (Նյու Յորք) հրավիրյալ մեներգչուհի: Համագործակցել է Յու. Տեմիրկանովի, Վ.Գերգիևի, Վ.ֆեդոսեևի, Մ.Յանսոնսի, Լ.Կրեմերի, Ջ.Լեվայնի և այլ անվանի դիրիժորների հետ:
Գեորգի Վասիլև, տենոր (Ռուսաստան)
Մոսկվայի Ե.Կոլոբովի անվ. Նոր Օպերա թատրոնի և Դյուսելդորֆի՝ Հռենոսյան Գերմանական օպերայի մենակատար: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում: Մասնակցել է միջազգային փառատոների՝ նշանավոր դիրիժորների ղեկավարությամբ: Նրա դերերգերի թվում են. Ռոմեո, Ֆաուստ, Ալֆրեդ, Հերցոգ, Նեմորինո, Էդգար, Պինկերտոն, Ռուդոլֆ, Լենսկի, և այլ առաջատար դերերգեր: Մասնակցել է օրատորիալ գործերի կատարմանը:
Վերդի՝ Ռեքվիեմ (1874թ.): Ռեքվիեմը հոգեհանգստյան պատարագ է: Գրվում է լատինատառ կանոնակարգված տեքստով՝ հնգամաս ավանդական կառույցի սկզբունքով (նախերգանքով և վերջերգով): Հիանալի Ռեքվիեմներ են ստեղծլել Մոցարտը, Բեռլիոզը, Բրամսը, Դվորժակը, Ֆորեն, Բրիտենը և այլ կոմպոզիտորներ: Ռեքվիեմը նվիրված է բանաստեղծ Ալեսանդրո Մանձոնիի հիշատակին: Առաջին կատարումները կայացել են 1875-ին Միլանում՝ Սուրբ Մարկոս տաճարում և Լա Սկալա օպերային թատրոնում: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկը շատ անգամներ է կատարել այս հանճարեղ ստեղծագործությունը Հայաստանում: Վերջին անգամ մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ այն հնչել է երեք տարի առաջ ի հիշատակ մեր ժամանակների դիրիժորական արվեստի հսկա՝ Կլաուդիո Աբբադոյի: Վերդիի Ռեքվիեմը մաեստրո Թոփչյանի ամենասիրելի ստեղծագործություններից է, որին նա ամեն անգամ անդրադառնում է մեծ ոգևորությամբ և նոր մեկնաբանությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան