Էրդողանի նախաձեռնությամբ Երուսաղեմի հարցով գագաթնաժողով կգումարվի Ստամբուլում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին Ստամբուլում կգումարվի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների (ԻՀԿ) առաջնորդների գագաթաժողով:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ նշելով, որ արտահերթ հավաքի թեման լինելու է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ի հայտարարությունը:
Քալընը տեղեկացրել է, որ ԻՀԿ գագաթաժողով հրավիրելու հարցով արդեն հեռախոսազրույց է ունեցալ Մալայզայի, Իրանի, Կատարի, Ինդոնեզիայի ղեկավարների հետ և շարունակում է կապ հաստատել ԻՀԿ անդամ այլ երկրների առաջնորդների հետ:
«Երուսաղեմը պատմական, կրոնական և իրավական հիմքերով չի կարող հայտարարվել Իսրայելի մայրաքաղաք: Դա հակասում է միջազգային նորմերին: Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելը ՄԱԿ-ի որոշմանը հակասող կոպիտ սխալ կլինի: ՄԱԿ-ը որևէ որոշմամբ չի ընդունվել Երուսաղեմի անեքսիան կամ օկուպացումը (Իսրայելի կողմից-EH.)» ասել է Քալընը՝ ավելացնելով, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է Իսրայելի այդօրինակ քաղաքականությունը:
Դեկտեմբերի 5-ին, Էրդողանը կուսակցության ժողովին ունեցած ելույթի ընթացում անդրադարձել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի՝ սպասվելիք որոշմանը:
Վերջինս սպառնացել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչև Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը:
Էրդողանը, հայտարարել էր, որ Երուսաղեմը (Պաղեստինի արաբները համարում են իրենց ստեղծվելիք պետության մայրաքաղաքը-EH.) մուսուլմանների «կարմիր գիծն» է:
«Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիր, հետևողական ենք լինելու այս թեմային: Եթե ԱՄՆ-ը նման քայլ անի, անմիջապես Ստամբուլում ԻՀԿ անդամ երկրների գագաթաժողով կկազմակերպենք: Դա կարող է այնպիսի հետևանքների հանգեցնել, ինչպիսին կարող է լինել մեր դիվանագիտական հարաբերությունների խզումը Իսրայելի հետ»,- ասել էր Էրդողանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան