ԱՆ-ն հիշեցնում է, ովքեր կարող են կատարակտի անվճար վիրահատության ենթարկվել
ԱՆ-ն հայտնում է՝ շարունակվում է կատարակտի անվճար վիրահատությունների ծրագիրը։ Նպատակը վիրահատությունը, ներառյալ` ոսպնյակի արժեքը, հասանելի դարձնելն է բնակչության որոշակի խմբերի համար, ովքեր ընդգրկված չեն պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստացողների խմբերում։ Այդպիսով ապահովվում է կատարակտի բուժման աշխարհագրական հասանելիությունը և աչքի հիվանդություններով պայմանավորված առողջապահական ցուցանիշների բարելավումը։
Ծրագրի շրջանակում իրականացվել է 390 վիրահատություն, որից 140-ը` փորձարարական փուլում Սպիտակի բժշկական կենտրոնում և Սևանի «Լայոնս մարզային ակնաբուժական» հիմնադրամում: Սեպտեմբերի կեսից ծրագիրն իրականացվում է նաև «Շենգավիթ», «Նաիրի», Կապանի, Գորիսի, Գյումրու, Իջևանի բժշկական կենտրոններում:
Վերջին 2.5 ամսում վիրահատված 250 քաղաքացուց 87-ը եղել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք, 66-ը` ուսուցիչներ, 60-ը` բժիշկներ, 27-ը` դասախոսներ, 10-ը` մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ ծրագրում ընդգրկվելու համար կարող են դիմել.
1. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 0-ից բարձր` մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների` 60 տարեկան և ավելի բարձր տարիքի անդամները,
2. Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով մանկավարժական աշխատող և ուսուցիչ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում» ընդգրված պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք,
3. Բարձրագույն ուսումնական հաստատություների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմում ընդգրկված դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ հանդիսացող անձինք,
4. «Բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ) հանդիսացող և առողջապահության բնագավառում գործունեություն իրականացրած կամ իրականացնող անձինք,
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված մշակույթի ոլորտի պետական կազմակերպություններում, ինչպես նաև «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում աշխատող կամ աշխատած սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք:
Ծրագրին վերաբերող այլ հարցերի հետ կապված պարզաբանումներ կարող եք ստանալ` զանգահարելով 8003 հեռախոսահամարով («Թեժ գիծ» ծառայություն):
Հարակից հրապարակումներ`
- Կատարակտի վիրահատության ծրագրում ներառվելու խորհրդատվություն ստանալու մասին
- Պետպատվերի շրջանակում կիրականացվեն կատարակտի լրացուցիչ վիրահատություններ