Հայաստանի աղքատ երեխաները
Հայաստանում անցած տարի մինչև 18 տարեկան երեխաների 2.0%-ը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.2%-ն` աղքատության մեջ: Ընտանեկան նպաստը անելու դեպքում, ծայրահեղ աղքատ չհամարվող երեխաների 16%-ը կհամարվի ծայրահեղ աղքատ: Միևնույն ժամանակ, աղքատ չհամարվող երեխաների 13%-ը կհամարվի աղքատ:
Աղքատ երեխաների մեծ մասը զրկված է հանգստանալու, գրքեր ունենալու, մսով ճաշ ուտելու, ծնունդ նշելու հնարավորությունից:
Աղքատ երեխաների մեծ մասն ապրում է բազմանդամ ու բազմազավակ ընտանիքներում
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 44.6%-ը կամ բոլոր երեխաների 34.2%-ը, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 3.8%-ը կամ բոլոր երեխաների 2.0 %-ը:
Տարիքով ավելի փոքր երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Աղքատության ռիսկն ավելի մեծ է այն ընտանիքների երեխաների շրջանում, որոնցում կրտսեր երեխան հինգ տարեկան է կամ ավելի փոքր: Նշված ընտանիքներում աղքատ է երեխաների 36.3 %-ը, մինչդեռ այն ընտանիքներում, որոնցում կրտսեր երեխան 6-14 տարեկան է, աղքատ է երեխաների 32.2%-ը:
Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի մոտ մեկ քառորդը (24.3%) ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 41.6%-ն աղքատ է, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում այն կազմում է 31.8%:
Մանկական աղքատության վրա ազդող կարևոր գործոններից է նաև տնային տնտեսության գլխավորի ամուսնական կարգավիճակը: Ամուրի (չամուսնացած), այրի կամ ամուսնալուծված գլխավորով տնային տնտեսություններում ապրող երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է (40.8%), քան ամուսնացած կամ համատեղ բնակվողներինը (32.5%): Աղքատության ռիսկը նվազում է, երբ երեխան ապրում է այնպիսի տնային տնտեսությունում, որտեղ գլխավորի կրթական մակարդակը բարձր է:
Ինչ պայմաններում են ապրում այս երեխաները
Արագածոտնում ծայրահեղ աղքատ երեխաներ չկան, ամենաբարձր ցուցանիշն այս առումով Շիրակում է: Այս մարզում են ապրում աղքատ երեխաների 50.9%-ը: Ստացվում է, ամեն երկրորդ երեխան Շիրակում ապրում է աղքատության մեջ: Աղքատ տնային տնտեսությունների երեխաներն ավելի հաճախ բնակվում են կարևոր հարմարություններից զուրկ` հոսող տաք ջուր, կենտրոնացված գազամատակարարում, ստացիոնար հեռախոս, լոգարան կամ ցնցուղ չունեցող կացարաններում: Ծայրահեղ աղքատ երեխաներն ավելի հաճախ, քան աղքատ երեխաները, զրկված են այնպիսի կացարանային այդ հարմարություններից:
Աղքատ երեխաների 56 տոկոսը և ծայրահեղ աղքատ երեխաների 48 տոկոսն ապրում են անբավարար ջեռուցմամբ տնային տնտեսություններում: Խոնավ տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 36 և ծայրահեղ աղքատ երեխաների 42%-ը, իսկ ընդհանուր երեխաների 31%-ի համեմատ: Այսինքն, Հայաստանում ամեն երրորդ երեխան ապրում է խոնավ պայմաններում:
Ինչից են զրկված նրանք
Հայաստանում աղքատ երեխաների 72%-ը, ծայրահեղ աղքատ երեխաների 90%-ը տնից հեռու մեկ շաբաթյա արձակուրդ չեն ունեցել: Այս ցուցանիշը ընդհանուր երեխաների դեպքում 67 % է: Ստացվում է, որ 10 երեխաներից 7-ը նման հանգիստ չեն ունեցել:
Սպորտային ակումբ կամ նման խմբակ ամիսը մեկ անգամ չեն այցելել երեխաների 59 %-ը: Աղքատ երեխաների դեպքում այդ ցուցանիշը 68% է, ծայրահեղ աղքատ երեխաներինը՝ 76%-ը: Ծայրահեղ աղքատ երեխաների 88%-ը զրկված են ժամանցի համար պարագաներից, օրինակ հեծանիվ, խաղեր և այլն: Ոչ աղքատ երեխաների 23%-ը չունեն նման պարագաներ: Ծայրահեղ աղքատ երեխաների 73%-ը՝ զրկված են սիրված զբաղմունքի (հոբբի) առարկաներից, ոչ աղքատ երեխաների 36%-ը նման առարկաներ չունի:
Ծայրահեղ աղքատ երեխաների 50.3%-ը չունի գրքեր, որոնք կարող է ընթերցել ազատ ժամանակ: Ընդհանուր երեխաների դեպքում այդ ցուցանիշը 1.1 տոկոս է, աղքատ երեխաների դեպքում՝ 13.5 տոկոսը:
Ծայրահեղ աղքատ երեխաների 69.1%-ը չի տոնում հատուկ առիթներ, այդ թվում ծնունդ, աղքատ երեխաների՝ 27.9%-ը:
Ծայրահեղ աղքատ երեխաների 89%-ը չեն կարող իրենց թույլ տալ որոշ նոր հագուստներ ունենալ, 71%-ը՝ ստուգման նպատակով տարին առնվազն մեկ անգամ այցելել ատամնաբույժի, իսկ 61%-ը՝ ուտել թարմ մրգեր կամ բանջարեղեն օրական մեկ անգամ:
ԱՎԾ սահմանմամբ, աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից, իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:
Աղքատության վերին գիծ է սահմանված 40 867դրամ / ամսական, աղքատության ստորին գիծն է 33 418 դրամ / ամսական, պարենային աղքատության գիծն է 23 313 դրամ / ամսական։
Տվյալները՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» զեկույցից:
Հարակից հրապարակումներ`
- Շիրակում աղքատ է բնակչության 46 տոկոսը
- ՀՀԿ-ական պատգամավոր. Աղքատներին թանկացումը չի վնասում, մեկ է գումար չունեն և առևտուր չեն անում. «Ժողովուրդ»
- Հայաստանում մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության բարձր ռիսկ
- Հայաստանում 880 հազար մարդ աղքատ է. զեկույց
- Աղքատության կրճատման հիմնական նախապայմանը տնտեսական աճն է. Արտեմ Ասատրյան