Վթարի ենթարկված զինծառայողը կտեղափոխվի Երևան
Լոռու մարզի Շահումյան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխված 1990 թ. ծնված զինծառայող Գոռ. Ս-ն պետք է տեղափոխվի Երևան:
«Պոլիտրավմա է: Մեզ մոտ տեղափոխվել է միայն Գոռը»,-ասացին ԲԿ-ի ընդունարանից:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ն այսօր՝ ժամը 09:09-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Նախարարությունից հայտնում են՝ պարզվել է, որ «FORD ESCAPE» մակնիշի (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և հայտնվել Շահումյան գյուղի թիվ 11 փողոցի 1-ին փակուղու թիվ 8 տան բակում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1979 թ. ծնված Հ. Մ.-ը և 1990 թ. ծնված Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիկները Հ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ա.-ինը՝ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել և դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:
ՊՆ-ից դեպքի վերաբերյալ այս պահին որևէ տեղեկատվություն ստանալ չհաջողվեց: