Սննդամթերքի փորձաքննության անցկացման կարգերում միջազգային նորմերն ամբողջությամբ չեն տեղայնացվել. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգին:
Վարչապետի խոսքով՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող վարչարարության շահառուների ստվար զանգվածը գործարար միջավայրի ներկայացուցիչներն են: Այս տեսանկյունից, ըստ վարչապետի, անհրաժեշտ է, որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը, փորձաքննության ենթարկվող պահանջներն ու կարգը լինեն հստակ և կանխատեսելի:
«Ներկայումս կառավարության մի շարք որոշումներով՝ սննդամթերքի փորձաքննության անցկացման կարգերում դեռևս ամբողջությամբ չեն տեղայնացվել միջազգային նորմերը: Արդյունքում, գործարարների մոտ օբյեկտիվորեն կարող է առաջանալ տարընկալում, մասնավորապես, սննդամթերքի ներմուծման և արտահանման վարչարարության դեպքերով»,- Կարեն Կարապետյանը:
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մինչև տարվա վերջ համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել սննդամթերքի արտահանման և ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման, կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:
«Հատկապես, որ վերջին շրջանում մամուլում տեղ են գտել հավի մսի ներմուծման որոշակի խնդիրներ»,- ընդգծեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում