Տնտեսության վիճակը շարունակելու է ծանր լինել, որովհետև դեռ անելիքներ շատ ունենք. ՀՀԿ պատգամավոր
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը սարսափելի ոչինչ չի տեսնում նրանում , որ 2018 թվականի բյուջեի նախագիծը խորհրդարանում երեկ քննարկվեց կիսադատարկ դահլիճում։ Խորհրդարանականը դա բացատրում է նրանով, որ նախագիծը տարբեր հանձնաժողովներում մանրամասն քննարկվել էր, բոլորը ստացել էին իրենց հուզող հարցերի պատասխանները և բնական է, որ քննարկումը բազմամարդ չպետք է լիներ: Նման տեսակետ նա հայտնեց այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի քննադատություններին՝ պատգամավորը նկատեց, որ նորմալ է վերաբերում այդ երևույթին, ընդդիմադիր խմբակցության պատգամավորի գործը քննադատելն է:
Լրագրողները հետաքրքրվեցին`ինչպե՞ս է գնահատում Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ տնտեսության վիճակը:
«Մեր տնտեսության վիճակը եղել է և շարունակելու է լինել ծանր, որովհետև դեռ անելիքներ շատ ունենք: Առաջին հերթին`բանակի հզորացման խնդիր, տարածքների համաչափ զարգացման, ենթակառուցվածքների և այլն: Այդ բոլոր խնդիրները լուծելու համար, այո, վարչապետն արտահայտեց իր կարծիքը, բայց բավական աշխատանքներ տարվում են: Այս բյուջեն շատ քննադատվեց, բայց ես կարծում եմ, որ կառավարության վարած քաղաքականությունը տեղին է։
Որպեսզի հասարակ ժողովուրդը լավ ապրի, պետք է տնտեսություն զարգացնենք: Պետք է համբերատար լինենք, երկար ճանապարհ անցնենք, որպեսզի այդ զարգացումն ամեն մի քաղաքացի իր վրա զգա: Ինչքան էլ ՀՆԱ-ի աճ ունենանք, քաղաքացին անմիջական ազդետությունը չի զգա, հիմնախնդիրները շատ են»,- ասաց նա:
Հարցին՝ անցած 20 տարիների ընթացքում այդ երկար ճանապարհի ո՞ր հատվածն ենք անցել և դեռ ինչքա՞ն ունենք անցնելու, պատգամավորը պատասխանեց. «Ասել, որ 20 տարիների ընթացքում առաջընթաց չի եղել`ճիշտ չէ: Բավականին շատ բան արել ենք, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում