Արցախյան խնդրով բանակցություններում հայկական կողմի դիրքերն ամրապնդվում են. Շիրակ Թորոսյան
Արցախյան հարցով բանակցություններում հայկական կողմի դիրքերն ամրապնդվում են: Սա ակնհայտ է հատկապես ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումից հետո: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով նախօրեին Վիեննայում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը:
«Ինչպես հիշում ենք, ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումով անդրադարձ է կատարվել նաև Արցախյան հակամարտության կարգավորմանը: Իսկ անդրադարձում հստակ նշվում էր, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաև միջազգային երեք իրավական սկզբունքների զուգորդմամբ, այն է՝ ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականության և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառում»,- հիշեցրեց պատգամավորը:
Շիրակ Թորոսյանի խոսքով, սա այն է, ինչ հանդիսացել է Արցախյան հակամարտության հարցում հայկական դիվանագիտության գաղափարական մեխը, սա այն է, ինչն ընկալվում է միջազգային հնարության կողմից, և այն է, ինչն Ադրբեջանը մշտապես փորձում է խեղաթյուրել:
Հանրապետական պատգամավորը միաժամանակ շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա հանդիպումից մեծ ակնկալիքներ չարժե ունենալ:
«Ես թերահավատորեն եմ մոտենում սրան, որովհետև Ադրբեջանը դեռ պետք է մարսի նոր իրավիճակը, իր վրա զգա Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետևանքները: Կարծում եմ՝ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի միջազգային հանրության ճնշման և հայկական կողմի կարծր դիրքորոշման ներքո Ադրբեջանն աստիճանաբար տեղափոխվի առավել կառուցողական դաշտ»,- նշեց Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, որ առայժմ անհնար է հակամարտության կարգավորման շոշափելի արդյունքներ ակնկալել:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը տեղի կունենա 2018-ի տարեսկզբին
- Վիեննայում մեկնարկել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
- Նալբանդյանն ու ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցեր
- ԵԱՀԿ ՄԽ. Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Վիեննայում