Մնաց պատը. Ինչ հետևանքներ են ունենում Թրամփի որոշումները
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության եկավ «Առաջինը Ամերիկան» կարգախոսով և մի շարք նախընտրական խոստումներով, որոնց կյանքի կոչման հավանականությունը ցածր էր գնահատվում: Բայց արի ու տես, որ Թրամփը, ի հեճուկս ներպետական դիմադրության և համաշխարհային դժգոհության, աստիճանաբար իրականացնում է իր տրված խոստումները:
Երեկ նա Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք. խորհրդանշական քայլ, որը կասկածի տակ դրեց ոչ միայն արաբաիսրայելյան բանակցությունները և փխրուն խաղաղությունը մերձավորարևելյան տարածաշրջանում, այլ նաև լրջագույն հարված հասցրեց գործող միջազգային իրավակարգին և մասնավորապես ՄԱԿ-ին: Այս որոշման հակասականության առաջին ցուցիչն այն է, որ ԱՄՆ վարչակազմում դրան սատարել են փոխնախագահ Մայք Փենսը, նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները, դեմ են եղել, ի թիվս այլոց, պետքարտուղար Թիլերսոնը և պաշտպանության նախարար Ջեյմս Մատտիսը:
ԱՄՆ կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն դեմ է գրեթե ողջ աշխարհը: Քննադատական և մտահոգություն արտահայտող հայտարարություններ հնչեցին ոչ միայն ԱՄՆ նկատմամբ թշնամաբար կամ ոչ բարյացակամ տրամադրված երկրներից, այլ նաև դաշնակից մայրաքաղաքներից` Լոնդոն, Փարիզ, Բեռլին և այլն: Դիրքորոշում հայտնեց նաև Հռոմի պապը` կոչ անելով պահպանել առկա ստատուս քվոն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջիններից էր, որ արձագանքեց Թրամփի հայտարարությանը: Բնականաբար, ԱՄՆ այս քայլը ողջունեց և երախտագիտություն հայտնեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն:
ԱՄՆ նախագահի այս քայլի հետևանքներից առանձնացնենք երկու եզրակացություն:
Առաջին, Թրամփը շարունակում է ամերիկյան էգոիզմի վրա հիմնված իզիոլացիոնալիստական երանգներով արտաքին քաղաքականությունը, որը նախապատվություն է տալիս հարցերի միակողմանի լուծումներին և ըստ էության խաթարում է բազմակողմ դիվանագիտությունը և դրա վրա հիմնված միջազգային իրավակարգը: Հիշենք, որ հունվարի 23-ին, նախագահությունը ստանձնելուց երեք օր հետո Թրամփն ԱՄՆ դուրս բերեց Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության շուրջ բանակցություններից, իսկ այս տարվա հունիսի 1-ին նա հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս կլիմայի փոփոխության վերաբերյալ 2015թ. Փարիզի համաձայնագրից: Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ դուրս է գալու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ից: Թրամփի նախընտրական խոստումներից է նաև Մեքսիկայի սահմանին «անթափանց, բարձր, հզոր, գեղեցիկ» պատի կառուցումը, որը ծիծաղելի էր թվում, սակայն այս քայլերից հետո իրատեսական է դառնում նաև պատի կառուցումը: Ի տարբերություն Օբամայի վարչակազմի՝ Թրամփը բավականին կոշտացրել է մոտեցումները Իրանի և Հյուսիսային Կորեայի հարցում: Նման արտաքին քաղաքականության արդյունքների և հետևանքների մասին դեռ վաղ է համընդգրկուն գնահատականներ տալու համար: Բայց մի բան փաստ է այսօրվա դրությամբ. միջազգային կազմակերպությունները և բազմակողմ դիվանագիտությանը լրջորեն տուժում են աշխարհի համար 1 պետության կողմից անտեսվելու պատճառով:
Երկրորդ եզրակացությունն այն է, որ Թրամփը նախապատվություն է տալիս նախընտրական խոստումներին, որոնք երբեմն հակասում են պետական շահին, այսինքն` նրա համար գերակայող է իր ներքաղաքական օրակարգը: Պատահական չէ, որ Երուսաղեմի ճանաչման մասին հայտարարությունն անելիս Թրամփի հետևում կանգնած էր փոխնախագահ Պենսը, ով խորհրդանշում է պահպանողական քրիստոնեաների աջակցությունը: Այդուհանդերձ, այս հայտարարությամբ Թրամփն առաջին հերթին գոհացրեց հզոր հրեական լոբբիին, որի աջակցությունը կարևոր է ներքաղաքական խնդիրներն առաջ մղելու համար: Ի միջիայլոց, եթե ԱՄՆ նախկին նախագահ Օբաման էլ ունենար նման վճռականություն իր նախընտրական խոստումները պահպանելու հարցում, ապա Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում մեծ առաջընթաց կարող էինք ունենալ:
Ամփոփելով նշենք, որ գուցե Թրամփը ճիշտ է, երբ բարդագույն խնդիրներին տալիս է պարզ, կտրուկ և շոկային լուծումներ: Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ներկա պահին ներկա ձևաչափով լուծում չունի և, հնարավոր է, նման արմատական փոփոխություններով իրոք Թրամփին հաջողվի հասնել այս հարցում իր խոստացած «մեծ գործարքին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան