Չի բացառվում, որ մարդիկ սահմանափակել են հացի սպառումը. Տնտեսագետը՝ գնաճի, հացի արտադրության ծավալների նվազման մասին
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ գնաճը կշարունակվի, սակայն կարծում է, որ այն չի գերազանցի կառավարության նախանշած գնաճի առավելագույն շեմը։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում սպառողական շուկայում արձանագրված գնաճին՝ տնտեսագետը նշեց, որ 10 ամսվա տվյալներով արձանագրվել է 1,2 %-ի գնաճ, իսկ մինչև տարեվերջ, եթե հաշվի առնենք, որ ներմուծող-վաճառողները բարձրացնում են ապրանքների գները, ապա, ըստ նրա, կարելի է ակնկալել, որ գնաճը կտեղավորվի 2017 թվականի բյուջեով նախատեսված 4 տոկոսի սահմաններում:
Ըստ տնտեսագետի՝ այսօր Հայաստանում որոշ սննդամթերքներ, մասնավորապես, կարագն ու մսամթերքը թանկացել են շուրջ 50 տոկոսով, ինչը պայմանավորված է նաև ներկրվող ապրանքների թանկացմամբ։ «Բայց կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ մենք գնաճային լուրջ ճնշումներ չունենք»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է հունվարից սպավող գնաճին, Ատոմ Մարգարյանը հիշեցրեց, որ 2018 թվականի հունվարից գործողության մեջ է դրվում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, իսկ դա նշանակում է, որ մինչև 2022 թվականը որոշակի ապրանքների գներ կբարձրանան: «Իհարկե կլինի նաև գնանկում, բայց խոսքը փոքր խումբ ապրանքատեսակների մասին է: Ընդհանուր առմամբ. թանկացումներ կլինեն ակցիզային հարկի գծով, մասնավորապես, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, բենզինի, դիզվառելիքի գները կաճեն, բայց կարծում եմ, որ 2018թ-ին այդքան մեծ գնաճային թռիչքներ չեն լինի, կլինի 1.5-2 տոկոս հավելյալ գնաճ»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը:
Անդրադառնալով առաջին անհրաժեշտության ապրանքների՝ մասնավորապես հացամթերքի արտադրության ծավալների նվազմանը, տնտեսագետն ասաց, որ դրա վրա հնարավոր է իր ազդեցությունը թողնում է արտագաղթը: «Նաև չի բացառվում, որ մարդիկ սահմանափակել են հացի սպառումը, ինչը տրամաբանական չէ, բայց սա է իրականությունը»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փոխվարչապետը՝ մսի և կարագի գնաճի մասին
- Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել
- Բաբկեն Պիպոյան. Պարենային ապրանքների թանկացումը գործադիր իշխանության համար շատ ձեռնտու իրավիճակ է ստեղծել
- Գներն աճում են, գնաճը զսպող չկա. Չիլինգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին