Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ռելսեր գողացողները ձերբակալվել են
Նինոծմինդայում երեք անձ է ձերբակալվել՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Մարաբդա-Ախալքալաքի հատվածի ռելսերը գողանալու համար: Այս մասին հաղորդում է Jnews.am կայքը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի դեպարտամենտի օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է երեք անձ՝ ռելսեր գողանալու մեղադրանքով: Նինոծմինդայում ձերբակալվել են 1968 թ. ծնված Է. Մ.-ն, 1971 թ. ծնված Ռ. Դ.-ն, 1971 թ. ծնված Գ. Գ.-ն: Նրանք բոլորը Վրաստանում երկաթուղին կառուցող «Դեմիրյոլ Սերվիս» ԲԲԸ աշխատակիցներ են:
Հանցագործությունը կատարվել է նոյեմբերի 21-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Գողացված ռելսերն առգրավվել են՝ իբրև կատարված հանցագործության իրեղեն ապացույցներ: Վերոնշյալ անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ գողություն կատարելու» հոդվածով, որը նախատեսում է 4-ից 7 տարով ազատազրկում: