Լեոնարդո դա Վինչիի ամենաթանկ կտավը տեղ կգտնի Աբու Դաբիի Լուվր թանգարանում
Ֆրանսիական Լուվր արվեստների թանգարանի՝ Աբու Դաբիում բացված առաջին մասնաճյուղը նախատեսում է իր հավաքածուում ներառել Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նոյեմբերին աճուրդում վաճառվել է ռեկորդային 400 մլն դոլարով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչն» ուղարկվում է Աբու Դաբիի Լուվր»,- նշվում է թանգարանի պաշտոնական Twitter-ի էջում:
Նոյեմբերի կեսերին նկարը վաճառվել է Նյու Յորքի Christie's աճուրդում: Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավներից մասնավոր հավաքածուում գտնվող միակ գործը դարձել է ոչ միայն հետպատերազմյան և ժամանակակից արվեստի, այլև ամբողջ 21-րդ դարի գլխավոր լոտը: Աճուրդը տևել է կես ժամ և նկարը բաժին է հասել այն գնորդին, որն առաջարկել է 400 մլն դոլար: