Մայրաքաղաք, որ ամենևին էլ մայր չէ
Հայաստանը եզակի ուրբանիզացված երկրներից է: Եզակի՝ միակ քաղաքի քաղաքականությամբ: Բուհերը Երևանում են, աշխատատեղերը, եթե կան, Երևանում են, կինո-թատրոններ, անխնա քանդվող ու խցկելով կառուցվող շենքեր, կառավարություն,… Միակողմանի հոսք մարզերից դեպի քաղաք, որը կարգավիճակով հավասար է մարզի: Բնակչության համարյա կեսը ապրում է Երևանում, և այն վաղուց պետք էր փակ հայտարարել: Երկիրը պիտի տասն անգամ շատ բնակչություն ունենար, եթե այսքան մարդ ապրում է մայրաքաղաքում:
Ինչո՞ւ է պետք այսքան «ուշադրություն» մի քաղաքին:
Երևանը դեմքն է երկրում վարվող տնտեսական քաղաքականության ու ապշեցնող քաղքենիության. ամենաժամանակավրեպ միլիոնանոց նախագծերը Երևանի համար են՝ «Հին Երևան», գյուղական պատկերներ, Նոյյան տապան…:
Երևանն ինքը դառնում է Նոյյան տապան:
Երկիրը տնտեսապես կառավարել չկարողանալը բերում է նրան, որ ամեն ինչ հավաքվում է մի տեղ՝ ընդ որում ցուցադրելու համար: Նույնիսկ երբ Մինասի որմնանկարները պիտի վերականգնեին, դրանք բերեցին Երևան ու թողեցին Երևանում: Պարզվում է Երկրի Երկրորդ քաղաքում անգամ հնարավոր չէր այդ վերականգնումը ու հետո էլ չկար հարմար տեղ ցուցադրելու…:
Երկրորդ քաղաքում:
Եթե պատճառը Երևանի մայրաքաղաք լինելն է՝ պետք է մայրաքաղաքը տեղափոխել, այդ կերպ գոնե ստիպելով այլ քաղաքների զարգացումը: «Շրջիկ մայրաքաղաք» երկրով մեկ:
Եթե պատճառը պատերազմն է, ապա առավել ևս Երևանը չպիտի սարքել խաղաղության կղզի: Երևանը դառնում է գենետիկական ուռուցք՝ անտարբեր այլ քաղաքների ու գյուղերի ցավերին:
Էլ ինչո՞վ է մայր այս քաղաքը:
Երբ սահմանային գյուղերում պաշտպանական պատնեշներ էին կառուցում ու Երևանի բնակչությունը խնդրեց ու պահանջեց քաղաքապետարանից չնշել Երևանի տոնը ու այդ գումարը փոխանցել սահմաններին՝ քաղաքապետարանը մերժեց: Հավանաբար, իր տեսակետից հիմնավոր էր մերժումը՝ ամեն քաղաք ինքն իր համար…:
Ո՞ւր մնաց տեղական ինքնակառավարումը:
Երբ Գյումրիում ողբերգություն եղավ, սպանվեց ու մորթվեց Ավետիսյանների ընտանիքը, ամբողջ երկիրը սառել էր դեպքի դաժանությունից, Երևանի քաղաքապետարանում Ամանոր էին նշում: Ըստ ծրագրի:
Ինչո՞վ է մայր այս քաղաքը: Ես այդպիսի մայր չեմ ճանաչում:
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Վարք նախարարությունների-6. Կամ՝ ասք վարչապետաց
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- «Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք նախարարությունների- 4
- Վարք նախարարությունների -3
- Վարք նախարարությունների -2
- Վարք նախարարությունների – 1
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան