Նալբանդյան. Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները
«Առկա են մի շարք պատճառներ, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել խաղաղ բանակցային գործընթացում՝ չնայած նախագահական և նախարարական մակարդակներով բազմաթիվ հանդիպումներին, բանակցությունների բազմաթիվ փուլերին, համանախագահ երկրների անխոնջ միջնորդությանը, ԵԱՀԿ-ի ևայլ կառույցների կողմից համանախագահների ջանքերին և մոտեցումներին ցուցաբերված աներկբա աջակցությանը»:
Ելույթ ունենալով ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը՝ ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդհանուր առմամբ ինը պատճառ է նշել:
Ադրբեջանը հետքայլ է կատարել և մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերը նշված երեք սկզբունքները՝ որպես հակամարտության կարգավորման հիմք: Բացի այդ, Ադրբեջանն ընտրողական մոտեցում է որդեգրել համանախագահների կողմից առաջարկած տարրերի նկատմամբ, Բաքուն չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետ է կանգնում դրանցից, համանախագահների ջանքերի գրեթե անդադար խոչընդոտումը և միջնորդությունն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը բացահայտորեն մատնացույց են անում Ադրբեջանի՝ բանակցությունները խաթարելու մտադրությունը: Զարմանալի չէ, որ համանախագահներն իրենց հայտարարություններում կոչ են արել Բաքվին հետ կանգնել այս դիրքորոշումից:
«Ադրբեջանի անզիջողական և առավելապաշտական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է դարձել խաղաղ գործընթացի առաջմղման համար և մեծապես նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը: Հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկները այն ուղին է, որը կարող է հանգեցնել ստատուս քվոյի փոփոխմանը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս քվոն անփոփոխ պահելու համար, միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատու-քվոյի փոփոխմանը:
Ադրբեջանի մտադրությունները հստակ երևում են իր իրականացրած ծախսերից. Բաքուն միլիարդներ է վատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համար, ինչը հերթական անգամ բացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործով, այն շատ ավելի մեծ գումարներ է ծախսում հարձակողական սպառազինության ձեռքբերման համար, սակայն մինչ օրս որևէ ներդրում չի կատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրասելու համար, ինչի մասին կոչերով շարունակաբար հանդես են եկել համանախագահները»,-ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, իր ելույթում նշել է նախարարը:
Նա համազմունք է հայտնել, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն, և անհրաժեշտ է անցկացնել ինտենսիվ բանակցություններ համանախագահների առաջարկությունների հիման վրա:
«Այս ընկալմամբ եմ վերջին տարվա ընթացքում 6 անգամ հանդիպել ադրբեջանցի գործընկերոջս և վերջին անգամ հենց երեկ` նախարարական խորհրդի շրջանակներում: Նախարարների միջև հանդիպումները և համանախագահների գործուն միջնորդությունը հնարավորություն ընձեռեցին նախապատրաստել 2017թ. հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը: 16 ամսվա ընդմիջումից հետո դա նախագահների առաջին հանդիպումն էր, որն անցավ հիմնականում դրական մթնոլորտում:
Մոտ չորս տարվա ընդմիջումից հետո Ժնևի գագաթաժողովին առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել: Նախկինում Հայաստանը բազմիցս իր պատրաստակամությունն էր հայտնել միանալու համանախագահների հայտարարություններին, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվում էր հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Այս համատեղ հայտարարությունն արտացոլում է այն, ինչ երկար ժամանակ կոչ է անում Հայաստանը. լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս քայլերը ներկայացվել են 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին արված հայտարարությունների մեջ: Ժնևի հայտատարարությունը նաև շեշտում էր բանակցային գործընթացն ակտիվացնելու անհրաժեշտությունը, և սրան նույնպես Հայաստանը մշտապես աջակցել է։
Ցավոք, գագաթաժողովից անմիջապես հետո Բաքուն կրկին վերադարձավ իր անհիմն մեղադրանքների և ռազմատենչ հռետորաբանության ոճին:
Ադրբեջանի իմ գործընեկրոջ հետ երեկ տեղի ունեցած հանդիպումը ընդհանուր առմամբ դրական մթնոլորտում էր։ Կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն դրանից հետո»,-ասել է նա:
Նալբանդյանը ներկաներին հիշեցրել է, որ հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նշելու է իր ճակատագիրն ազատ տնօրինելու, մարդկային արժանապատվության և ազատության իրավունքի պաշտպանման համար մղվող պայքարի 30-ամյակը:
«Երեք տասնամյակների ընթացքում Արցախի ժողովրդին, չնայած կործանարար պատերազմին և բոլոր դժվարություններին, հաջողվեց ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և ժողովրդավարական հաստատությունների վրա հիմնված հասարակություն: Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը»,-ասել է նա:
Ելույթն ամբողջությամբ՝ ԱԳՆ պաշտոնական էջում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը տեղի կունենա 2018-ի տարեսկզբին
- Վիեննայում մեկնարկել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
- Նալբանդյանն ու ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցեր
- Մեկնարկել է Նալբանդյան- ՄԽ համանախագահներ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան