Նախօրեին կյանքից հեռացած Ջոնի Հալիդեյը երգում էր «Քեզ համար, Հայաստա՛ն»
Այսօր 1988թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի 29-րդ տարելիցն է, որին զոհ դարձան 25 հազար հայ, անօթևան մնացին հարյուր հազարավոր մարդիկ:
Այդ ժամանակ էր, որ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հիմնադրամը օգնություն ցուցաբերեց Հայաստանին: Ազնավուրի օգնությունը միայն նյութականով չսահմանափակվեց:
Ազնավուրը գրեց «Pour toi Arménie» երգը (Քեզ համար, Հայաստան), միավորեց աշխարհահռչակ 87 ֆրանսիացի երգիչների ու հեռուստատեսային աստղերի, որոնց հետ միասին կատարեց այդ տխուր, բայց և հիասքանչ երգը: Երգի երաժշտությունը գրել էր Ժորժ Կառվարենցն ու արժանացել «Ոսկե սուր» մրցանակի:
Առաջին անգամ այն ցուցադրվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին: Երգը 10 շաբաթ գրավել է Ֆրանսիայի սինգլների SNEP աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից։ Երգի տեսահոլովակը նկարել է Անրի Վեռնոյը։
«Քեզ համար, Հայաստա՛ն» երգը մեկնարկում է նախօրեին 74 տարեկան հասակում կյանքից հեռացած Ջոնի Հալիդեյի խոսքերով, ով նաև երգում է այն՝ մնացած աստղերի հետ միասին: