Կապանում տրիկոտաժի արտադրություն բացումը 600-ից ավելի աշխատատեղ կապահովի
ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մարզպետը վարչապետ Կարապետյանին զեկուցել է Սյունիքի մարզում ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ, որոնցից մի քանիսն արդեն ավարտին են մոտենում: Մասնավորապես, Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագրի շրջանակում արդեն ձեռք է բերվել ինքնաթիռը (5.5 մլն ԱՄՆ դոլար), ընթացքի մեջ են ընդհանուր շենքի շինարարական աշխատանքները (2.5 մլն ԱՄՆ դոլար), և նախատեսվում է 2018 թ. մայիս-հունիս ամիսներին ավարտել օդանավակայանի կառուցումը:
Ավարտվել են շուրջ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժեքով իտալական պիցցայի գործարանի կառուցման աշխատանքները, որն ապահովելու է շուրջ 100 աշխատատեղ, և որի արտահանման հիմնական շուկան լինելու է Իրանը: 2018 թ. հունվարի վերջից մարզի Գեղի համայնքում կսկսի աշխատել ևս մեկ գործարան՝ մոտ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժողությամբ տրիկոտաժի ֆաբրիկան, որը ևս ապահովելու է 100 աշխատատեղ, իսկ արտադրանքն արտահանվելու է Ուկրաինա: Ներկայում բանակցություններ են ընթանում նաև իտալացի գործընկերների հետ՝ Կապան քաղաքում տրիկոտաժի մեծ արտադրություն բացելու նպատակով. այն ապահովելու է 600-ից ավելի աշխատատեղ:
Դեկտեմբերի երկրորդ կեսին Կապանում բացվելու են մուլտիբրենդային աութլեթ խանութների համալիրը և ժամանակակից տեխնիկայով հագեցած կինոթատրոն: Մարզպետը նշել է, որ 2017 թ. ներդրումների ծավալը գերազանցում է 10 մլն ԱՄՆ դոլարը, իսկ 2018 թ. նախատեսվում է կրկնապատկել այդ թիվը: Վահե Հակոբյանը նշել է, որ մարզում ակտիվ գործունեություն է ծավալում նաև Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամը, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրամի հետ համատեղ մարզում 2.5 մլրդ ՀՀ դրամին համարժեք սոցիալական բնույթի ծրագրեր է իրականացրել:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ մարզպետը զեկուցել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 10 միավոր տեխնիկա: Աշխատանք է տարվում ֆերմերների շրջանում պետության կողմից իրականացվող նպատակային սուբսիդավորման ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և շահառուների քանակն ավելացնելու ուղղությամբ: Վահե Հակոբյանը Կարեն Կարապետյանին մանրամասներ է ներկայացրել նաև Սյունիքի մարզում ջրագծերի հետ կապված խնդիրների լուծման շուրջ քննարկումների վերաբերյալ:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է համատեղ աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ ջրամբարների ուժեղացման և պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ջրամբարների կառուցման ծրագրեր իրականացնելու համար:
Ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել Սյունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ:
Վահե Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. սեփական եկամուտների հավաքագրման ծավալի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է շուրջ 20 տոկոս, 2016 թ. կատարողականը կազմել է 103.2 տոկոս (առաջինը հանրապետությունում), 2017 թ.՝ 107.2 տոկոս: Մարզպետի խոսքով՝ 2017 թ. ևս Սյունիքի մարզը հանրապետությունում առաջատար դիրք է զբաղեցնում թե´ մեկ շնչին ընկնող սեփական եկամուտների հաշվով (11900 ՀՀ դրամ), թե´ սեփական եկամուտների հավաքագրման կատարողականով:
Աղբահանության ոլորտում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները. «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ուսումնասիրվել է 137 աղբավայր, փակվել է 83-ը, նախատեսվում է փակել ևս 6-ը։ Աղբահանության ծառայությունների դիմաց պայմանագիր է կնքվել 1800-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի հետ (45 տոկոս): 2018 թ. պլանավորվում է այդ թիվը հասցնել 2000-ի:
Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, աղբահանության արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:
Առողջապահական վճարովի ծառայություններից սեփական մուտքերի մասով նախորդ տարվա համեմատ 2017 թ. արձանագրվել է 2-ից ավելի անգամ աճ. 150 մլն ՀՀ դրամի դիմաց հավաքագրվել է շուրջ 350 մլն ՀՀ դրամ: 2018 թ. նախատեսվում է Գորիսի և Կապանի բժշկական կենտրոնները համալրել լրացուցիչ տեխնիկայով, որը կնպաստի եկամտաբերության աճին:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի նոր արտադրամասը կապահովի մինչև 250 աշխատատեղ
- Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին