Հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է 33 բովանդակային փոփոխություն
Դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները՝ նշեց, որ առաջարկվում է Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով սահմանված 242 իրավական նորմերում փոփոխություններ ու լրացումներ կատարել:
«Այդ փոփոխությունները կարելի է խմբավորել հետևյալ կերպ՝ բովանդակային, որոնք 33-ն են, տերմինաբանական, որն իր մեջ ներառում է 80 փոփոխություն և երրորդ՝ տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք ճշգրտող նշանակություն ունեն»,- ընդգծեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ բովանդակային լրացումներով և փոփոխություններով նախատեսվել է հստակեցնել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը՝ խուսափելու հետագա տարընթերցումներից և սուբյեկտիվ մեկնաբանություններից: Միևնույն ժամանակ որոշ հոդվածներով առաջարկվել է այլ կարգավորումներ (քան ներկայումս ամրագրված է հարկային օրեսգրքում)՝ պահպանելով հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարման արդարացիության սկզբունքը:
Այսպիսով, Հարկային նոր օրենսգրքով նախ առաջարկվում է փոխել շահաբաժինների հարկման համակարգը, մասնավորապես այն նախատեսում է երեք փոփոխություն, որոնք վերաբերում են օտարերկրյա ֆիզիկական անձանց, ՀՀ քաղաքացիներին, որոնք որպես բաժնետերեր ստանում են շահաբաժիններ:
Ըստ Դավիթ Անանյանի՝ 2016թ. ընդունված օրենսգրքով առաջարկվում էր հարկել ֆիզիկական անձանց շահաբաժինները, մասնավորապես, 2017թ. հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինները, իսկ 2018թ. հունվարի 1-ից՝ ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները:
«Մեր առաջարկը որոշակի ճշգրտող նշանակություն ունի: Մենք ասում ենք՝ եկեք հարկենք այն շահաբաժինները, որոնք օտարեկրացիների և ՀՀ քաղաքացիների կողմից աշխատվել, բաշխվել ու վճարվել են 2017թ.-ի հունվարի 1-ից և 2018թ.-ի հունվարի 1-ից: Մտավախություն կար, որ նախկին տարիներին կազմակերպությունների կողմից աշխատած ֆինանսական արդյունքը, որը չէր բաշխվել տարիներ ի վեր, որպես կուտակված շահույթ էր առկա, օրենսգրքի գործող խմբագրությամբ կարող էր հարկվել եկամտային հարկով: Օրենսդրական փոփոխության իմաստն այն է, որ խաղի կանոնը փոխում ենք, ինչի արդյունքում 2017-2018թթ.-ից հետո աշխատած շահույթները, որոնք բաշխվեն, ապա դրանք կհարկվեն եկամտահարկով»,-ասաց Դավիթ Անանյանը:
Շահութահարկի հետ կապված հաջորդ փոփոխությունն այն է, որ եթե ներկայիս օրենսգրքով գործող նորմի համաձայն՝ այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերը մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը շահաբաժինների բաշխման վերաբերյալ որոշում չեն կայացրել, անկախ նրանից՝ այդ որոշումը կայացրած է, թե ոչ, հունիսի 30-ի դրությամբ հարկման նպատակով համարվելու էին բաշխված, ապա նոր օրենսգրքով իրավական այս նորմը, ըստ փոխնախարարի, հանում են:
«Հիմա մենք այդ նորմը հանում ենք, քանի որ կորպորատիվ կառավարման սկզբունքներին դեմ է: Ժամանակին այդ իրավական նորմն ընդունելիս, մենք փորձել ենք հարկային վարչարարության առումով որոշակի գործիքակազմ առաջարկել, բայց ավելի լավ է գործիքակազմ չունենալ, քան այդ գործիքը չբխի կորպորատիվ կառավարման հիմնական սկզբունքներից»,- ընդգծեց փոխնախարարը:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է նվազագույն շահութահարկին:
Դավիթ Անանյանը նշեց, որ 2004-2014թթ.-ին շահութահարկը կարգավորող օրենսդրության մեջ կար նվազագույն շահութահարկ վճարելու իրավական պարտավորություն, որից հրաժարվել են 2014թ-ին:
«Հրաժարվելով այդ իրավական նորմից մենք հնարավորություն տվեցինք հարկատուներին, որպեսզի նվազագույն շահութահարկի գծով առաջացած գերավճարներն առանց որևէ ժամկետային սահմանափակման ուղղել հաջորդ տարիների շահութահարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանը: Մենք ներմուծել էինք ժամկետային սահմանափակում, հիմա վերացնում ենք այս օրենքով և վերականգնում ենք այն իրավական նորմը, որ հարկ վճարողները կարող են օգտագործել իրենց գերավճարներն առանց ժամկետային սահմանափակման»,- ասաց Դավիթ Անանյանը:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ներգնա տուրիզմի ոլորտին: Փոխնախարարը հիշեցրեց, որ ներկայիս «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 34-րդ հոդվածով ներգնա տուրիզմը, այսինքն` ՀՀ տուր-օպերատորների կողմից կազմակերպվող տուրիստական ծառայություններն ազատված են ԱԱՀ-ից:
«Քանի որ հարկային օրենսգիրքը մշակելիս կառավարությունը որդեգրել էր հարկային արտոնությունների կրճատման և հարկման բազաների ընդլայնման քաղաքականություն, դրանով այս արտոնությունը վերացվել էր: Այնուամենայնիվ, հարցը, քննարկելով շահագրգիռ կողմերի հետ, որոշեցինք այս արտոնությունը վերականգնել և վերադառնալ ԱԱՀ ազատման նորմը վերացնելու հանգամանքին երեք տարի հետո»,- ասաց Դավիթ Անանյանը: