Հրազդանի «Երեխաների աջակցության կենտրոնը» փակման եզրին է
Ամանորին ընդառաջ՝ պետք չէ մոռանալ կարիքավորների մասին: Դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:
Ամփոփելով անցնող տարվա ընթացքում կատարված ծրագրերը՝ նա նշեց, որ «Սուրբ ծննդյան ժպիտ՝ անծանոթ փոքրիկին» ծրագրով, որի նպատակն էր պարզապես նվերներ հավաքել Գյումրու և Վանաձորի՝ թվով շուրջ 800 երեխաների համար, նվերներ հավաքվեցին, դրանց գումարվեց նաև Մայր Աթոռի կողմից՝ Վեհափառ հայրապետի բարձր տնօրինությամբ կազմակերպված պարենային մթերքի աջակցությունը: Տեր Մարկոս քահանան տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ մոտ 300 ընտանիքի են այցելել, 800 երեխաներ իրենց նվերներն են ստացել, ծրագիրը 5 մլն դրամ է արժեցել:
Կատարված ծրագրերից հաջորդը երկու բնակարանի ձեռքբերման ծրագիրն է եղել: Բնակարաններից մեկը՝ Աբովյան քաղաքում, տրվել է զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Նորայր Զաքարյանի ընտանիքին, վերջինս 5 երեխա ունի, երկրորդ բնակարանը՝ Մեծամորում, տրվել է տարեսկզբին հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյանների ընտանիքին:
Իբրև երրորդ՝ ամենակարևոր սոցիալական ծրագիր՝ Տեր Մարկոս քահանան նշեց հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական ծառայության մատուցումը, որի նախաձեռնողը Իզմիրլյան հիմնադրամն էր, որն իբրև դրամագլուխ սահմանեց 100 հազար դոլարը: Նշված գումարին Վեհափառ հայրապետի օգնությամբ միացել է նաև սոցիալական ծառայության գրասենյակը՝ 50 հազար դոլար ներդրումով, ծրագիրն այսօր էլ շարունակվում է:
«Ցանկացած սիրիահայի բուժման համար առավելագույն չափը 500 հազարն է: Այս պահի դրությամբ 300-ից ավելի սիրիահայեր բուժում են ստացել: Սա անցնող տարվա ամենամեծ ծրագիրն էր, որ դեռ շարունակվում է»,- ասաց նա:
Տեր Մարկոս քահանան նշեց, որ այսօր փակման եզրին է Հրազդանի երեխաների աջակցության կենտրոնը, որ վերականգնողական-ախտորոշիչ ծառայություններ է մատուցում Չարենցավանի, Հրազդանի, Սևանի՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին: Կենտրոնին Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակը 2 մլն դրամ է նվիրաբերել, Ամերիկայի Արևելյան թեմը հանգանակություն է տվել՝ կառույցը պահելու և գործունեությունը շարունակելու համար, բայց այն այսօր փակման եզրին է:
Տարվա ընթացքում բազմաթիվ դիմում-խնդրագրեր են ներկայացվել Մայր Աթոռին, դիմողներից 100 և ավելի ընտանիքների 10 մլն դրամ աջակցություն է տրվել: Տեր Մարկոս քահանան նշեց, որ անտարբերության չեն մատնվել նաև ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները՝ նրանց բոլորին անխտիր, աջակցություն է ցուցաբերվել՝ 200 հազարից 500 հազար դրամով և ավելի:
2018 թվականին Մայր Աթոռն Էջմիածնում բացվի «Երեխաների խնամքի և աջակցության կենտրոն»: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Կենտրոնը ցերեկային խնամքի ծառայություններ է մատուցելու, թիրախում լինելու են սոցիալապես խոցելի, տարբեր խնդիրներ ունեցող երեխաներն ու ընտանիքները, նախապես՝ կենտրոնի աջակցությունից կարող են օգտվել 25-30 երեխաներ:
Տեր Մարկոս քահանան ընդգծեց՝ նման կենտրոնի անհրաժեշտությունը կա, դա պարզ է դարձել իրենց դիմող անձանց խնդիրների ուսումնասիրությունից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում