Առաջինը ՀՀԿ-ին է շահեկան, որ իրենց շարքերում Հակոբ Հակոբյանի նման մարդիկ չլինեն. քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համոզված է՝ Հանրապետական կուսակցությունն իր շարքերում չպետք է հանդուրժի մարդու (խոսքն այս դեպքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի մասին է՝ խմբ.), ով հայտարարում է, որ թանկացումն աղքատներին չի վնասում, քանի որ նրանք, այսպես թե այնպես, չեն կարող իրենց թանկ ապրանքներ գնելու ճոխություն թույլ տալ։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում քաղտեխնոլոգը չզարմացավ, որ նման արտահայտություն թույլ տված անձը չի պատրաստվում ներողություն խնդրել, առավել ևս՝ հրաժարական ներկայացնել։
«Հակոբ Հակոբյանի կողմից ուրիշ ի՞նչ արձագանք պետք է լիներ»,- հարց հնչեցրեց Կարեն Քոչարյանը։
Անդրադառնալով իր կողմից նախաձեռնված ֆեյսբուքյան ակցիային, որով ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին պահանջ է ներկայացվում հրաժարվել պատգամավորական մանդատից՝ քաղտեխնոլոգն ընդգծեց՝ իրականում ինքը դիմել է ոչ թե անձամբ խորհրդարանականին, այլ ՀՀԿ-ում եղած ադեկվատ զանգվածին։
«Առաջին հերթին նրանց է շահեկան, որ իրենց շարքերում Հակոբ Հակոբյանի նման մարդիկ չլինեն։ Ես ուզում եմ տեսնել՝ Հայաստանում իրական բարեփոխումներ հնարավոր են, թե ամեն ինչ ֆուֆլո է, փուչիկ։ Եթե Հանրապետական կուսակցությունն իսկապես ցանկանում է բարեփոխումներ անել, պետք է հասկանա, որ Հակոբյանի նման մարդիկ չպետք է օրենսդրական դաշտ ձևավորեն։ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալՀայակազ Բաղմանյանն էլ էին ասում, որ չեն պատրաստվում հրաժարական տալ, բայց ի վերջո տվեցին»,- ամփոփեց Կարեն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ օրերս Հակոբ Հակոբյանը հայտարարել էր՝ թանկացումը չի վնասի աղքատներին, որովհետև նրանք գումար չունեն և առանձնապես շատ բան չեն կարողանում գնել: «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»,-ասել էր նա: