ՄԿՈւ ծրագրերում կընդգրկվի օրգանական գյուղատնտեսության մոդուլ
ՀՀ միջին մասնագիտական կրթության ուսուցման համակարգում կներդրվի «Օրգանական գյուղատնտեսության սկզբունքները» ուսումնական մոդուլը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, ինչպես նաև համաֆինանսավորվում ու իրականացվում է Հայաստանում Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս մասին այսօր հուշագիր են ստորագրել ԿԳՆ-ն և Հայաստանում Ավստրիական Զարգացման Գործակալությունը՝ «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» նախագծի շրջանակում:
«Օրգանական գյուղատնտեսության ուղղությունը մեզ համար մեծ նշանակություն ունի և մենք ուրախ ենք այս հնարավորության համար: Հույս ունենք, որ նոր մոդուլի ներդրման արդյունքները թույլ կտան ծրագիրը դարձնել շարունակական»,- իր խոսքում նշել է ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Ավստրիայի դեսպանատան տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը նշել է, որ ուսումնական մոդուլը մշակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մասնագիտական կրթության զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Ավստրիայի լավագույն փորձի կիրառմամբ։
«Մենք մշակում ենք ուսումնական ձեռնարկներ ուսանողների համար, իսկ դասախոսների համար՝ մեթոդական ուղեցույցներ: Համագործակցում ենք նաև քոլեջների, բուհերի և ֆերմերների հետ` ուսումնական ծրագրում իրենց դիտարկումները ներառելու նպատակով: Վստահ ենք, որ այս դասընթացները կնպաստեն նոր ձևավորվող, բայց մրցունակ օրգանական գյուղատնտեսության ոլորտում ուսանողների հետագա կարիերայի առաջխաղացմանը, և Հայաստանը կունենա բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ», - նշել է Գերհարդ Շաումբերգերը:
Համագործակցության նպատակն է մշակել մոդուլը և դասախոսների ուսումնական ձեռնարկները, աջակցել ընտրված ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացմանը, որոնք ընտրվել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրում ընդգրկված ՄԿՈՒ հաստատությունների ցանկից, ինչպես նաև ուսանողներին ապահովել օրգանական ոլորտի վերաբերյալ կայուն գիտելիքների ու տեղեկատվության հասանելությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները